Կառավարությունն ասում է՝ փող ենք տալիս, տոկոսները սուբսիդավորում ենք, եթե դա չլինի, խաղողը կմնա դաշտում, սակայն դրանից խաղողագործը չի կարող օգտվել․ խաղողագործների միության նախագահ
Երկու օր առաջ՝ սեպտեմբերի 1-ին, Արմավիրի մարզում խաղողագործներն ակցիա էին իրականացնում, նրանք դժգոհում էին, որ իրենց առաջարկված խաղողի 130-135 դրամ գինն ինքնարժեքից 10 դրամով է ավել և ձեռնտու չէ իրենց այդ պայմաններով աշխատելը:
Ակցիայի մասնակիցներին հանդիպել էր Արմավիրի փոխմարզպետ Կարեն Գրիգորյանը:
Tert.am-ը կապ հաստատեց Խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանի հետ՝ պարզելու, թե փոխմարզպետի հետ հանդիպման ժամանակ խնդրի լուծման ի՞նչ տարբերակներ են առաջարկվել: Վերջինիս փոխանցմամբ փոխմարզպետը չի կարողացել խնդրի լուծման հստակ պատասխան տալ և ժողովուրդն անպատասխան դուրս է եկել:
«Ժողովուրդը, տեսնելով, որ կոնկրետ պատասխան չտրվեց, ասացին, որ մենք մեր ձայնը բարձրացրեցինք, բայց դուք պատասխան չտվեցիք, չկարողացաք այս հարցի լուծման հետ կապված գոնե մոտ լուծում առաջարկել և հեռացան:
Ժողովուրդը մոլորված վիճակում է: Իրենք ասում են, որ մենք ծրագիր ենք իրականացրել, այլապես խաղողը պետք է մնար դաշտում: Իրենց հետաքրքիր չէ, թե մեզ ի՞նչ գին կտան, հետաքրքիր չի, որ խաղողը ինքնարժեքով է, ասում է՝ այդ ծրագրերը Աստծո կողմից իջեցված ծրագրեր են, եթե չանեինք լրիվ կկործանվեիք:
Ես ասացի, որ մարդիկ չեն կարողանում վարկ վերցնեն, որ խաղողը մթերեն: Վերամշակող կազմակերպությունն ինչքան գումար կտա, մնացածը դուք սուբսիադավորեք, որ կարողանաք հասցեական օգնություն տաք խաղողագործին»,- ասաց նա:
Արտակ Սարգսյանը նշում է, որ խնդրի վերաբերյալ բարձրաձայնել են տարիներ շարունակ, սակայն խնդրին վերջնական լուծում չի տրվել.
«2015 թվականից ասում ենք խնդրի մասին, սակայն մեզ ականջալուր չեն լինում, սա է մեր պետությունը: Իշխանությունը փոխվեց, սակայն տնտեսական աճ ցույց տալու համար նույն մանիպուլյացիաներն են անում:
Թվերը, որը ամեն տարի կեղծում, նկարում են, բերել հասցրել է այս վիճակին, արդեն հոգնեցուցիչ է: Այս ամենը անհայտ ծագում ունեցող անօրիանական սպիրտերը օրինականացնելու համար: Իրենք ասում են՝ փող ենք տալիս, տոկոսները սուբսիդավորում ենք ու վերջ, եթե դա չլինի, խաղողը կմնա դաշտում, սակայն դրանից խաղողագործը չի կարող օգտվել: Իրենք ոչ մեկի կարծիքը հաշվի չեն առնում, դրա համար այս վիճակն է այսօր բոլոր ոլորտներում:
Իրենք չեն պատկերացնում խաղողը ընդհանրապես վազի վրա որտեղ է կախվում, հատկապես Արմավիրի փոխմարզպետը, իրենք ինչ գիտեն խաղողագործությունը ինչ է»,- ասաց նա:
Նշենք, որ այսօր Արարատի մարզի մի քանի գյուղերի բնակիչներ խաղողի մթերման խնդրի պատճառով, որպես բողոք, փակել էին Երևան- Երասխավան ավտոճանապարհը:










