Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց․ 3-րդ նախագահը նիստին չէր ներկայացել, քանզի նրա մոտ արձանագրվել է սուր շնչառական վարակ, բարձր ջերմություն
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, տեղի ունեցավ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը։ Այն հետաձգվեց երրորդ նախագահի առողջական խնդիրներ ունենալու պատճառով նիստին ներկա չլինելու հետևանքով:
Նիստի մեկնարկին դատավոր Վահե Միսակյանը խնդրեց տեղեկացնել, թե ովքեր են ներկայացել նիստին: Բոլոր ամբաստանյալները, բացառությամբ Սերժ Սարգսյանի, ներկա էին:
Նրա պաշտպան Ամրամ Մակինյանը դատարանին հայտնեց, որ երեկ երեկոյան Սերժ Սարգսյանի առողջական վիճակը վատացել է, նա ստուգվել է համապատասխան բժշկի կողմից, արձանագրվել է սուր շնչառական վարակ, բարձր ջերմություն, ցուցված է համապատասխան բուժօգնության ստացում և տնային ռեժիմ:
Դատավոր Միսակյանը ճշտեց՝ փաստորեն բուժհաստատությունում չի գտնվում, ինչին պաշտպանը պատասխանեց, որ ոչ և դատարանին ներկայացրեց բժշկի համապատասխան տեղեկանքը:
Մեղադրանքի կողմն էլ նշեց, թե բժշկական փաստաթղթում նշված չէ այնպիսի ախտանիշների մասին, որոնք անձին կարող են զրկել դատական նիստին ներկայանալու հնարավորությունից:
«Ինձ մոտ հարց է առաջանում, թե ամբաստանյալի առողջական վիճակն ինչպիսին է։ Հիմա այդ բժշկական փաստաթղթից պարզ չէ, թե ամբաստանյալը հնարավորություն ունեցե՞լ է նիստին մասնակցելու, թե չի ունեցել։ Սա շատ էական նշանակություն ունի՝ այս բարձրացված հարցը, ամբաստանյալի վարքագիծը քննարկելու և խափանման միջոցի հանգամանքին անդրադառնալու առումով։ Այսպես նիստերը ձգձգելով կխախտվի ողջամիտ քննելու ժամկետը»,– ասաց մեղադրող դատախազը:
Չնայած մեղադրանքի կողմի այս դիրքորոշմանը՝ դատարանը Սերժ Սարգսյանի բացակայությունը համարեց հարգելի և դատական նիստը հետաձգվեց․ այն տեղի կունենա հոկտեմբերի 22-ին։










