Թրամփը մտադիր է «անարխիայի գոտիներ» դարձած քաղաքներին զրկել դաշնային ֆինանսավորումից

08:41 • 03.09.20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է դաշնային ֆինանսավորումից զրկել մի շարք խոշոր քաղաքների, որոնց իշխանությունները «բավարար չեն պայքարում իրենց քաղաքներում մոլեգնող անկարգությունների դեմ»: ԱՄՆ նախագահի համապատասխան հուշագիրը տարածել է Սպիտակ տունը, հաղորդում է CNN-ը։

«Իմ վարչակազմը թույլ չի տա դաշնային հարկերից դոլարներն ուղղել այն քաղաքների ֆինանսավորմանը, որոնք վերածվել են անօրինականության գոտիների»,- ասված է փաստաթղթում:

Նշվում է, որ Թրամփը մտադիր է ֆինանսավորումից զրկել Սիեթլին, Պորտլենդին, Նյու Յորքին և Վաշինգտոնին, որոնց ղեկավարները դեմոկրատներ են և աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո սկսված ցույցերի ընթացքում բազմիցս հրաժարվել են Սպիտակ տան՝ զանգվածային բողոքները ճնշելու համար Ազգային գվարդիայի օգնությանը դիմելու առաջարկից։

Երկշաբաթյա ժամկետում Սպիտակ տունը կորոշի, թե ինչպես պետք է նախարարությունները հաշվետու լինեն այդ քաղաքների վրա ծախսվող գումարների մասին։ Մեկ ամսվա ընթացքում Սպիտակ տունը առաջարկություններ կպատրաստի այն մասին, թե ինչպես կարելի է այդ քաղաքներին զրկել դաշնային օգնությունից: Գլխավոր դատախազին հանձնարարվել է պաշտոնապես հրապարակել «անարխիայի գոտիներ» դարձած քաղաքների ցանկը։

Մայիսի վերջին աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո ԱՄՆ-ի բազմաթիվ խոշոր քաղաքներում ոստիկանական բռնության և ռասայական խտրականության դեմ բողոքի և անկարգությունների ալիք է բարձրացել։