Պեկինը վեց ամսվա ընդմիջումից հետո վերսկսում է ավիաչվերթների ընդունումը 8 երկրից

19:27 • 03.09.20

Պեկինի օդանավակայանը կես տարվա ընդմիջումից հետո հինգշաբթի վերսկսել է ավիաչվերթների ընդունումը մի քանի երկրներից:

Ինչպես հայտնում է INTERFAX.RU-ն, Չինաստանի մայրաքաղաք այսուհետ կարող են ինքնաթիռներ մեկնել 8 երկրից, որտեղ կորոնավիրուսով վարակվածության տեմպերը համեմատաբար բարձր չեն:

Եվրոպական երկրներից չվերթներ կատարելու թույլտվություն են ստացել Ավստրիան, Դանիան, Շվեդիան և Հունաստանը: Պեկինում պատրաստ են ընդունել նաև Թաիլանդից, Կամբոջայից, Պակիստանից և Կանադայից ժամանող օդանավերին: Պեկինի քաղաքային վարչության ներկայացուցիչը միևնույն ժամանակ ընդգծել է, որ ուղևորները նույնպես այդ երկրների քաղաքացիներ պետք է լինեն:

Պեկին ժամանող ուղևորները պետք է կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան ներկայացնեն, իսկ ժամանելուն պես պարտադիր 14-օրյա կենտրոնացված կարանտին պահպանեն:

Նախնական շրջանում Պեկինն օրական միայն հինգ ինքնաթիռ կընդունի և առավելագույնը 500 ուղևոր:

Չինաստանի մայրաքաղաքում միջազգային ավիահաղորդակցությունն արգելված էր մարտի 23-ից: