Կալիֆոռնիայի օրենսդիր ժողովի անդամը խորհրդարան է եկել նորածին դստեր հետ և ստիպված եղել կերակրել նրան քվեարկության ընթացքում (տեսանյութ)

20:58 • 03.09.20

Կալիֆոռնիայի օրենսդիր ժողովի անդամ Բաֆի Ուիքսը խնդրել է խորհրդարանում կայանալիք քվեարկությանը մասնակցել վստահված անձի օգնությամբ, սակայն մերժում է ստացել:

Ինչպես հայտնում է BBC News-ը, ամերիկուհին ստիպված է եղել քվեարկությանը ներկայանալ իր նորածին դստեր հետ, որին լույս աշխարհ է բերել հուլիսի 26-ին:

Նշվում է, որ օրենսդիր ժողովի անդամներին, որոնք ռիսկային գոտում են գտնվում «Քովիդ-19»-ի պատճառով, թույլատրվել է համավարակի ընթացքում քվեարկություններին մասնակցել հեռակա կարգով, սակայն տիկին Ուիքի դիմումը մերժել են:

«Ես իրականում կիսատ թողեցի երեխայիս կերակրելու գործընթացը, երբ օրինագծի քվեարկությունը սկսվեց, և ես այստեղ եմ, քանի որ կարծում եմ, որ պետք է ընդունենք այս օրինագիծը: Նահանգի 3.5 մլն բնակիչներս դրա կարիքն ունենք, և Էլին համամիտ է ինձ հետ: Եկել եմ հորդորելու գործընկերներիս՝ անցկացնել այս օրինագիծը: Ես պետք է շարունակեմ կերակրել դստերս: Շնորհակալություն»,- ասել է կինը՝ ելույթ ունենալով խորհրդարանում:

Օրենսդիր ժողովի խոսնակ Էնթոնի Ռենդոնը, որը մերժել էր կնոջ դիմումը, ավելի ուշ ներողություն է խնդրել: