Ինչպե՞ս է, որ ՌԴ-ն բանակցում է մի շարք երկրների հետ ու սահմանները բացում են, իսկ ՀՀ-ի հետ` ոչ, ուրեմն ՀՀ-ն չի բանակցում այս հարցով. բողոքի ակցիայի մասնակից (տեսանյութ)
Յոթ ամիս է արդեն այստեղ ենք, 3 երեխաներիս հետ եկել ենք ու չենք կարողանում վերադառնանք, ծնողներս Ռուսաստանի քաղաքացի են, այնտեղ են, բայց հնար չկա վերադառնալու: Այս մասին կառավարության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Տաթևիկը, որը ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիներից է:
Նշեց, որ ամուսինն էլ է այստեղ, բարեկամները բոլորն էլ Ռուսաստանում են: Նա ասաց, որ աշխատանք չեն կարողացել գտնել. «Մենք երեխաների հետ ենք, ոչ մեկ ոչ մի աշխատանք չի տալիս, ամուսինս է միայն աշխատում, այն էլ ստաբիլ աշխատանք չկա, օրականով է:
Սոցիալական աջակցությունից էլ չենք օգտվել, վարձով ենք ապրում, երեք երեխաներով, ոչ մի աջակցություն չեմ ստացել, դիմել ենք, ասել են՝ դուք ծրագրի շահառու չեք: Նույնիսկ զանգահարել եմ սոցապ, ինձ ասել են շահառու չեմ»,- ասաց նա:
Դիտարկմանը, որ ակցիայի այլ մասնակիցները ասում են՝ եթե մայրը կամ հայրը Ռուսաստանի քաղաքացի է, կարող են տեղափփոխվել, Տաթևիկն ասաց, խոսակցություններ կան, բայց իրենք դիմել են, չի եղել, պետք է լինել ՌԴ քաղաքացի, որ կարողանան գնալ:
«Ուզում ենք ճանապարհները բացեն, ՌԴ-ն բանակցում է երկրների հետ, որոնցից մի քանիսի հետ բացել են ճանապարհները, թող մեզ հետ էլ բացեն»,- ասաց նա: Նրա կարծիքով հայկական կողմը չի բանակցում Ռուսաստանի հետ, որ ճանապարհները բացվեն: «Ինչպե՞ս է ստացվում, որ Ռուսաստանը կարողանում է բանակցել ու բացել ճանապարհները որոշ երկրների հետ, իսկ Հայաստանի հետ չի կարողանում բացել: Վիրո՞ւսն է պատճառը, հեսա ամսի 12-ից այս արտակարգ դրությունն էլ դուրս կգա, ի՞նչ պատճառաբանություններ պետք է գտնեն, ուղղակի թող սահմանները բացեն ու մարդիկ հասնեն իրենց ընտանիքներին»,- ասաց նա:










