Ռուսաստանում վարձակալած տարածք ունեմ, որի վարձը չեմ կարողանում տալ, այստեղ էլ վարկեր ունեմ, վեց ամիս չեմ կարողանում վճարել, տունս էլ ձեռքիցս կվերցնեն, մեքենաներն էլ, ո՞նց ապրեմ. ակցիայի մասնակից

12:45 • 03.09.20

Չեք կարողանում վերադառնալ օբյեկտիվ պատճառներով, որը պայմանավորված է  համավարակով, այդ ուղղությամբ էլ բանակցություններ են վարվում, խնդրում եմ դիմեք ԱԳՆ-ին և պարետատանը, իրենցից պատասխաններ կստանաք, մենք սահման բացելու գործառույթ չունենք, կամ որոշելու՝ Ռուսաստանը ում է ներս թողնում, ում չի թողնում: Այս մասին կառավարության առջև հավաքված ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիներին ասաց սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

Հարցին՝ սա քայլ է, որ քաղաքացներին չթողնե՞ք արտագաղթեն երկրից, Սինանյանը պատասխանեց. «Ի՞նչ քայլ, ով ասաց, որ մենք չենք թույլատրում: Պարետատանն ու ԱԳՆ-ին հարցրեք՝ ինչ է արվում այդ ուղղությամբ, ես համոզված եմ, որ քայլեր արվում են»:

Բողոքող քաղաքացիներից մեկն էլ ասաց, որ Ռուսաստանում վարձակալած տարածք ունի, բիզնեսով է զբաղվում, փակել, եկել է, որ անձնագիր փոխի, հետ գնա, սակայն եկել, մնացել է: «Մայիսից բացվել է Մոսկվայում ամեն բան, աշխատում են մարդիկ, ես ոչ մի բան չեմ կարողանում վճարել այնտեղ, ինձ ասում են` արի կա'մ իրերդ հավաքի գնա, կա'մ վարձը տուր, ինչպե՞ս գնամ: Այստեղ վարկեր ունեմ, մինչև մարտ ամիսը ամբողջը վճարել եմ, մի օր ուշացում չեմ ունեցել, իսկ հիմա ոչ մի բան չեմ կարողանում վճարել, ո՞նց անեմ, ես ինչպե՞ս ապրեմ: 6 ամիս է` վարկ չեմ մուծում, ի՞նչ անեմ, տունս էլ ձեռքիցս կառնեն, մեքենաներն էլ, ի՞նչ անեմ»,- ասաց նա:

Ապա քաղաքացիները տեղեկացան, որ կառավարությունից ոչ ոք չի իջնելու իրենց հետ հանդիպման, քանի որ երկու օր առաջ է նախարարը հանդիպել իրենց: «Մեզ ասում են` երկու օր առաջ նախարարը խոսել է, հանդիպել է, հիմա ոչ ոք չի հանդիպելու: Չգիտենք՝ որքան ենք մնալու դեռ այստեղ, երկու օր առաջն ի՞նչ կապ ունի այսօրվա հետ: Չեն իջնի երևի, բայց շարունակելու ենք այստեղ մնալ դեռ»,- ասաց նրանցից մեկը: