Կատարցի հետախույզը 65 մլն դոլար կաշառք է տվել Էրդողանի նախկին օգնականին, որպեսզի «առաջ մղի» Թուրքիայի հետ ռազմական գործարքը. Al Arabiya
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ, երկրի կառավարության բարձրաստիճան պաշտոնյա, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ արտաքին քաղաքականության գծով նախկին խորհրդական Ահմեթ Բերաթ Չոնքարը 65 միլիոն դոլար կաշառք է ստացել կատարցի հետախույզից, որպեսզի «առաջ մղի» 2015 թվականի թուրք-կատարական ռազմական համաձայնագիրը, ըստ որի՝ Թուրքիան իր զորքերը կարող է տեղակայել Կատարում: Այս մասին տեղեկացնում է alarabiya.net կայքը` հղում տալով շվեդական Nordic Monitor կայքի զեկույցին:
Շվեդական կայքի զեկույցը, իր հերթին, հղում է տալիս իր տրամադրության տակ հայտնված 19 էջանոց հետախուզական փաստաթղթին, որով ապացուցվում է, որ Չոնքարը, որն այն ժամանակ Թուրքիայի խորհրդարանում զբաղեցնում էր արտաքին գործերի հանձնաժողովի նախագահի պաշտոնը, գործարքի վերաբերյալ գաղտնի շփվել է Կատարի հետախուզության սպայի հետ:
2015 թվականին Թուրքիան հավանություն էր տվել «ընդհանուր թշնամիներից պաշտպանվելու» նպատակով 2014 թվականին կնքված ռազմական համաձայնագրի շրջանակում Կատարում ռազմաբազա ստեղծելու գաղափարին:
Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Եգիպտոսը և Բահրեյնը դադարեցրել էին դիվանագիտական և առևտրային հարաբերությունները Կատարի հետ` Դոհայի կողմից ահաբեկչությանը աջակցելու պատճառով և ներկայացրել էին 13 կետից բաղկացած պահանջ, որում ներառվել էր նաև Կատարում թուրքական բազայի փակման պահանջը:
Թուրք պաշտոնյայի կաշառք է ստանալու բացահայտումը տեղի է ունեցել փոխծովակալ Սինան Սյուրերի վկայության արդյունքում: Սյուրերն այն ժամանակ Թուրքիայի զինված ուժերի ներքին հեախուզության պատասխանատուն էր:
«Աղբյուրից ստացած տեղեկության համաձայն` Բերաթ Չոնքարը նիստից առաջ (խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի) շփվել է կատարական հետախուզության սպայի հետ, որպեսզի առաջ մղի օրենքը (թուրքական զորքերը Քաթարում տեղակայելու մասին) և ստացել է 65 միլիոն դոլարի չափով կաշառք»,-մեջբերել է Սյուրերի խոսքերը շվեդական կայքը:










