Ուկրաինան կոչ է արել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանել՝ կապված Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակի հետ

01:27 • 03.09.20

Միջազգային հանրությունը պետք է հավուր պատշաճի արձագանքի Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակին: Այս մասին, RT-ի փոխանցմամբ, հաղորդել է Ուկրաինայի ԱԳՆ-ն՝ մեկնաբանելով Նավալնիի մոտ հայտնաբերված «Նովիչոկ» խմբի նյութի մասին Գերմանիայի հայտարարությունը:

«Խստորեն դատապարտում ենք ռուսական իշխանության հանցավոր գործողությունը, որը շարունակում է ոտնահարել Ռուսաստանում և արտասահմանում մարդու իրավունքները և դեմոկրատիան»,- նշվում է հաղորդագրությունում: 

Նշվում է, որ միայն քաղաքակիրթ աշխարհի միաձայն, վճռորոշ դիրքորոշումն ու կոշտ դատապարտումը, ներառյալ պատժամիջոցները, կարող են պարտադրել Ռուսաստանի իշխանություններին դադարեցնել հանցավոր գործունեությունը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ գերմանացի բժիշկները հայտարարել էին, որ ռուս գործչին թունավորել են նյարդակաթվածահար ազդեցության «Նովիչոկ» խմբին պատկանող նյութով:

ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է գերմանացի մասնագետների հայտարարությանը բլոգեր Ալեքսեյ Նավալնիի թունավորման մասին՝ շեշտելով, որ նախքան նրան Բեռլին տեղափոխելը համալիր հետազոտություններ են անցկացվել՝ միջազգային չափանիշներին համապատասխան, սակայն թունավոր նյութի հետք չի հայտնաբերվել:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, Կրեմլի ներկայացուցիչը հիշեցրել է, որ «ՌԴ գլխավոր դատախազությունը պաշտոնական հարցում է ուղարկել գերմանական կողմին՝ հույս ունենալով, որ պաշտոնական պատասխան կստանա»:

«Մեր բժիշկները նույնպես պաշտոնապես առաջարկել են տվյալների փոխանակում անել և դեռ, ցավոք, պատասխան չեն ստացել գերմանացի գործընկերներից»,- հավելել է Պեսկովը: