Երևանի ավագանին սեպտեմբերի 8-ին կքննարկի փոխքաղաքապետի նշանակման հարցը. Հայկ Մարությանի թեկնածուն 29-ամյա Սերգեյ Ներսեսյանն է
Երևան քաղաքի ավագանու 5-րդ նստաշրջանի 1-ին նիստը կգումարվի սեպտեմբերի 8-ին: Նիստի օրակարգում է նաև Սերգեյ Ներսեսյանին Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնում նշանակելու հարցը:
Նշենք, որ Ներսեսյանը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Երջանիկ Հակոբյանի օգնականն է: Երևանի փոխքաղաքապետի թեկնածուն 29 տարեկան է:
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ քաղաքապետի տեղակալներին քաղաքապետի ներկայացմամբ նշանակում է ավագանին:
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին հայտնի դարձավ, որ Երևանի արդեն նախկին փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը սեփական դիմումի համաձայն կավարտի պաշտոնավարումն ու աշխատանքը կշարունակի մասնավոր հատվածում:










