ՄԱԿ-ում առաջարկել են Բելառուսում հանցագործությունների հետաքննության միջազգային մեխանիզմ ստեղծել

21:58 • 04.09.20

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով հատուկ զեկուցող Անաիս Մարանը ՄԱԿ-ի ԱԽ-ի ոչ պաշտոնական նիստում առաջարկել է անկախ միջազգային մեխանիզմ ձևավորել Բելառուսում հանցագործությունները հետաքննելու համար, գրում է ria.ru-ն։

Հատուկ զեկուցողի խոսքով՝ Բելառուսում ցույցերի ընթացքում ոստիկանությունը «արտակարգ և չարդարացված» ուժ է կիրառել ցուցարարների, լրագրողների և անցորդների նկատմամբ:

«Ես խորհուրդ եմ տալիս ձևավորել այդ հանցագործությունների հետաքննության անկախ միջազգային մեխանիզմ և կոչ եմ անում Բելառուսի իշխանություններին համագործակցել»,- հայտարարել է Մարանը։

Նրա խոսքով՝ Բելառուսում իրավիճակը շարունակում է վատթարանալ, ինչը միջազգային հանրության ուշադրության կարիքն ունի: Նա նաև կոչ է արել ազատ արձակել երկրում բողոքի ակցիաների ընթացքում «կամայականորեն ձերբակալված» բոլոր անձանց:

Այսօր Էստոնիայի նախաձեռնությամբ անցնում է ՄԱԿ-ի ԱԽ-ի ոչ պաշտոնական նիստը՝ նվիրված Բելառուսում Մարդու իրավունքների պահպանման խնդրին։ Նիստին մասնակցում է նաև Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան։

Հիշեցնենք, որ բողոքի ցույցերը Բելառուսում չեն դադարում օգոստոսի 10-ից ի վեր: Երկրի քաղաքացիներն իրենց դժգոհությունն են հայտնում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն հաղթող է ճանաչվել գործող նախագահը՝ ստանալով ձայների 80 տոկոսը: