Արցախի «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամի խմբերն աշխատանքներ կկատարեն ազատագրված տարածքներում. հիմնադրամի տնօրեն

19:32 • 04.09.20

Արցախի Հանրապետության «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամի հետախուզական խումբն այս օրերին աշխատանքներ է կատարում Մարտակերտի շրջանում, որից հետո արդեն սակրավորական խումբը կաշխատի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշեց հիմնադրամի տնօրեն, պահեստազորի փոխգնդապետ Սամվել Մեսրոպյանը:

«Մի տարվա ընթացքում ծրագրում ենք Արցախում մաքրել մոտ 1000 հեկտար ականապատ տարածք: Ծրագերի իրականացումը կապված է սակրավորների ներգրավումից, որքան շատ սակրավորական խմբեր լինեն, այնքան վաղ կմաքրվի տարածքը: Սա էլ կախված է դոնորների ներգրավումից: Եթե դոնորներ լինեն, ապա նախատեսում ենք մինչև մյուս տարվա վերջ ունենալ 200-250 սարկարավորներ: Արայիկ Հարությունյանը առաջին տրանշը  ֆինանսավորել է, հիմա աշխատում ենք արտասահմանից դոնորներ ներգրավել՝ խմբերի ընդլայնման համար: Տեխնիկան ևս թանկ հաճույք է, ամենագնաց մեքենաներ են անհրաժեշտ»,- մանրամասնեց նա:

Սամվել Մեսրոպյանը ընդգծեց, որ իրենք հիմնական աշխատանքները կատարելու են ազատագրված տարածքներում, որտեղ Արցախյան պատերազմից հետո նման աշխատանքներ չեն կատարվել, քանի որ գործող կազմակերպությունների կանոնադրությունը թույլ չի տալիս:

«Իրենց կանոնադրությամբ աշխատում էին նախկին ԼՂԻՄ տարածքում, ազատագրված տարածքներում աշխատանքներ չեն արվել: Հիմա մենք ունենք ականապատ տարածքների քարտեզը, բայց հետախուզական խմբերի միջոցով պետք է ստուգենք»,-ասաց նա:

Սամվել Մեսրոպյանը հիշեցրեց, որ «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը գործում է հուլիսի մեկից, հիմնականում աշխատում են բնակիչների ահազանգերի հիման վրա: Նա ընդգծեց, որ ականապատ տարածքները հիմնականում մնացել են Արցախյան պատերազմի ժամանակահատվածից, բայց կան տարածքներ, որոնք 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակահատվածից են մնացել:

Ըստ նրա՝ կան գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ, որոնք բնակիչները զերծ են մնում օգտագործելուց՝ հաշվի առնելով հնարավոր վտանգը:

Մանրամասները՝ տեսանյութում։