Նավալնիի մաշկի, արյան և մեզի նմուշներում «Նովիչոկ» խմբին պատկանող թունավոր նյութի հետքեր են հայտնաբերվել. Der Spiegel
Բունդեսվերի (Գերմանայի Զինված ուժեր) լաբորատորիայի մասնագետները Charite հիվանդանոցի խնդրանքով ուսումնասիրել են ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մաշկի, արյան և մեզի նմուշները և դրանց մեջ գտել «Նովիչոկ» խմբին պատկանող թունավոր նյութի հետքեր, գերմանական Der Spiegel պարբերականին հղումով գրում է meduza.io-ն։
Գերմանական պարբերականի հաղորդմամբ՝ այս մասին Բունդեսթագի անդամների հետ դռնփակ հանդիպման ժամանակ հայտարարել է պաշտպանության հարցերով պետական քարտուղար Գերդ Խուֆեն:
Der Spiegel-ը գրում է, որ Նավալնու մաշկի, արյան և մեզի նմուշներում թունավոր նյութի հետքերը նվազագույն են եղել, սակայն այդ նմուշների հետազոտության արդյունքները վստահելի են:
Նշվում է նաև, որ թունավոր նյութի հետքեր են հայտնաբերվել Նավալնիի մոտ հայտնաբերված շշի վրա, որը նրա հարազատները պահել և փոխանցել էին գերմանացի բժիշկներին: Ենթադրվում է, որ Նավալնին շշից խմել է թունավորվելուց անմիջապես հետո՝ դրա վրա թողնելով թույնի հետքերը։
Հիշեցնենք, որ Նավալնիի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր օգոստոսի 20-ին Տոմսկից Մոսկվա թռչելիս: Նրան տեղափոխող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Օմսկ քաղաքում, ուր նրան հոսպիտալացրել են շտապ օգնության թիվ մեկ հիվանդանոց: Հիվանդանոցի մասնագետները Նավալնիի օրգանիզմում թույնի հետքեր չէին հայտնաբերել: Ըստ նրանց՝ հետազոտությունները միայն ալկոհոլի և կոֆեինի հետքեր են ցույց տվել: Հայտնի է, որ չվերթից առաջ Նավալնին թեյ է ըմպել օդանավակայանի սրճարանում:
Օգոստոսի 22-ին Նավալնիին ինքնաթիռով տեղափոխել են Բեռլինի Charite հիվանդանոց, որի մասնագետներն ավելի ուշ հայտարարել էին վերջինիս թունավորման մասին:










