«Պուտինը պետք է դադարի քիթը մտցնել Բելառուսի գործերի մեջ»․ Մինսկում հրապարակել են Նավալնիի գործով Բեռլինի և Վարշավայի ներկայացուցիչների զրույցի ձայնագրությունը (տեսանյութ)

23:34 • 04.09.20

Բելառուսի նախագահ Ալեքսանդ Լուկաշենկոյի մամուլի ծառայությանը մոտ «Пул Первого» թելեգրամյան ալիքը հրապարակել է «Բեռլինի և Վարշավայի գաղտնալսված զրույցի» ձայնագրությունը, որում խոսվում է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հետ միջադեպը Արևմուտքի դիվանագիտական ռազմավարության մեջ օգտագործելու մասին։

Ձայնագրությունը հրապարակվել է ռուսերեն լեզվով։ Դրանում զրուցակիցները, որոնք միմյանց Նիք և Մայք են անվանում, խոսում են այն մասին, որ իրականում կարևոր չէ՝ արդյոք Նավալնին թունավորվել է, թե ոչ, բայց այդ գործը կարելի է օգտագործել Բելառուսի վրա ռուսական ազդեցությունը թուլացնելու համար։

Ձայնագրության մեջ Բեռլինի ներկայացուցիչը հայտնում է, որ «Նավալնիի վերաբերյալ նյութերը պատրաստ են և կփոխանցվեն կանցլեր Անգելա Մերկելի վարչակազմին»։

Ի պատասխան՝ Վարշավայի ներկայացուցիչը հարցնում է՝ արդյոք Նավալնիի մոտ թունավորում է հաստատվել, ինչին զրուցակիցը պատասխանում է, որ դա այդքան էլ կարևոր չէ։

«Պատերազմ է ընթանում։ Իսկ պատերազմի ժամանակ բոլոր մեթոդները լավ են»,- ասում է նա։

Զրուցակիցները համաձայնել են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «պետք է դադարի քիթը մտցնել Բելառուսի գործերի մեջ» և դա անելու ամենաարդյունավետ միջոցը «նրան խնդիրների մեջ խեղդելն է»։

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։