Կորոնավիրուսի ու Տավուշի դեպքերի հետ կապված ԱԻՆ-ի աշխատանքը կարևոր էր, Փրկարարի օրվա կապակցությամբ բոլորը մեկ դրույքի չափով պարգևատրում կստանան․ Ֆելիքս Ցոկալյան (տեսանյութ)

10:29 • 04.09.20

Արտակարգ դեպքերի հետևանքով մահերի թիվը այս տարի մի քանի անգամ ավելի շատ է եղել, արդեն կորոնավիրուսը բավարար է, որ բավականին շատ լինի զոհերի թիվը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Նա նշեց, որ այս տարի նաև ջրահեղձումների, պայթյունների քանակը շատ եղան:

Անդրադառնալով սեպտեմբերի 1-ին գրանցված օղուց թունավորման դեպքերին՝ նախարարն ասաց, որ դա արտառոց դեպք է և ոստիկանությունն է զբաղվում դրանով, իսկ ինչ վերաբերում է շենքերի ուսումնասիրությանը, ապա նա ասաց, որ շենքերի հետ կապված խնդիրներով իրենք չեն զբաղվում, դրանով զբաղվում է քաղաքաշինության և հակահրդեհային տեսչությունը:

Ֆելիքս Ցոլակյանը համակարգի աշխատանքները այս տարի հատկապես երկու ուղղությամբ կարևորեց․ առաջինը՝ կորոնավիրուսի հետ կապված, երկրորդը՝ Տավուշի գործողություններում:

«ԱԻՆ-ի օրվա կապակցությամբ վեց աշխատակից ներկայացվել է կառավարական պարգևի, որից հինգը Տավուշի մարզի քաղպաշտպանության և տարածքային մարմնի աշխատակիցներն են, մեկը Վայոց Ձորից է: Ընդհանուր առմամբ 500 հոգու պարգևատրել եմ և՛ մեդալներով, և՛ պատվոգրերով, և՛ ֆինանսապես: Բացի դրանից, ամբողջ համակարգը՝ փրկարար ծառայությունը հաստատ,  մի դրույքի չափով պարգևատրում է ստանալու Փրկարարի օրվա կապակցությամբ: Դա բոլորին եմ տալիս, քանի որ տոնական պարգևատրում եմ, տարբերակված մոտեցում չկա, իսկ մյուս ամիսներին էդպես չենք անում»,-ասաց նա և հայտնեց, որ իրենց ընդհանուր տարեկան ֆոնդը 2 միլիարդի սահմաններում է:

Արտակարգ իրավիճակների նախարարը, խոսելով կորոնավիրուսի տարածման դեպքերից, նշեց, որ  համակարգի ներսում վարակը չի տարածվել, համակարգում շուրջ 90 հոգի են վարակվել, սակայն դրսի շփումից, և ցավոք երկու մահ են ունեցել: Անդրադառնալով հրդեհներին՝ նա ասաց, որ հրդեհների առումով անցյալ տարվա համեմատ 30 տոկոսով պակաս հրդեհ ենք ունեցել․սակայն անցած տարի աննախադեպ շատ են եղել հրդեհները: Նա նշեց, որ սեպտեմբեր- հոկտեմբեր ամիսներին ևս կարող են լինել հրդեհներ, և նախարարը աշխատակիցներին կոչ է արել չթուլանալ:

Ինչ վերաբերում է փրկարարների աշխատավարձերին, ապա նախարարը նշեց, որ տասնյակ տարիներ փրկարարների աշխատավարձի փոփոխություն չէր եղել և անցած տարի եղավ․ հիմա փրկարարները 140-150 հազար դրամի աշխատավարձ են ստանում: Իսկ կադրային առումով, ասաց, որ մեծ փոփոխություններ չեն եղել, բայց թարմացում է եղել:

Մանրամասները՝ տեսանյութում։