ԱՄՆ Նյու Յորք նահանգում 7 ոստիկանի ծառայությունից հեռացրել են աֆրոամերիկացու սպանությունից հետո
ԱՄՆ Նյու Յորք նահանգի Ռոչեսթեր քաղաքի իշխանությունները ժամանակավորապես աշխատանքից ազատել են ոստիկանության 7 աշխատակցի՝ կապված ձերբակալությունից հետո սևամորթ Դենիել Պրուդի մահվան հետ: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում տալով քաղաքապետ Լավլի Ուորրենի ելույթին:
Նա ընդգծել է, որ «ծառայությունից հեռացնում է նշված ոստիկաններին»: Ուորրենը նաև Նյու Յորք նահանգի գլխավոր դատախազությանը կոչ է արել մանրակրկիտ հետաքննություն անցկացնել:
Պրուդը Ռոչեսթեր քաղաքում ձերբակալվել էր մարտի 23-ին: The New York Times թերթի տվյալներով՝ նա թմրանյութի ազդեցությամբ, առանց հագուստի վազելիս է եղել փողոցով և բղավել, թե վարակված է կորոնավիրուսով: Իրավապահները աֆրոամերիկացու գլխին պարկ են հագցրել, որը միտված է շրջապատին պաշտպանել թքի կաթիլներից, և որոշակի ժամանակ նրան սեղմել ասֆալտին: Ոստիկաններից մեկը ծնկով հենվել է վերջինիս մեջքին:
Պրուդը կորցրել է գիտակցությունը և հոսպիտալացվել: Նա հիվանդանոցում մահացել է մի քանի օր անց: Աֆրոամերիկացու ընտանիքը միայն չորեքշաբթի է որոշել տարածել այդ մասին տեղեկությունը: Պրուդի հարազատների խոսքով՝ նա հոգեկան առողջության խնդիրներ է ունեցել: Անցյալում տանից փախուստի է դիմել:










