Բելառուսում նախագահական ընտրություններից հետո սկսված բողոքի ցույցերը չեն դադարելու. Տիխանովսկայա
Բելառուսում անցած նախագահական ընտրություններին հաջորդած բողոքի ցույցերը ներկայիս իշխանությունների նկատմամբ բավարար ճնշում են ցույց տալիս և չեն դադարեցվելու: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով ճապոնական NHK հեռուստաալիքին տված Բելառուսի ընտրությունների մասնակից Սվետլանա Տիխանովսկայայի հարցազրույցը:
«Մեր ուժը մարդիկ են: Ցույցերը, որոնք մենք անցկացնում ենք ամեն օր, բավարար ճնշում են ցույց տալիս: Մեր բողոքը երբեք չի ավարտվելու»,- ասել է նա: Իր՝ Բելառուս վերադառնալու թեմային անդրադառնալով՝ Տիխանովսկայան հայտնել է, որ պատրաստ է անել դա «առաջին իսկ գնացքով», եթե իրեն այնտեղ ապահով զգա: « Իմ սիրտը Բելառուսի ժողովրդի հետ է»,- ընդգծել է նա:
Հարցազրույցում Տիխանովսկայան նաև հանդես է եկել պնդմամբ, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Ռուսաստանի հետ ունեած «ամուր կապերի» առկայության փաստը «ոչ այդքան լավ նշան է»: Հեռուստաալիքը նաև նշում է, որ Տիխանովսկայան անհանգստություն է հայտնել Մոսկվայի կողմից իր երկրում առկա իրավիճակին հնարավոր միջամտության հետ կապված:










