ԱՀԿ-ից հայտնել են, թե ամբողջ աշխարհում քանի մարդ է վարակվել կորոնավիրուսով համավարակի սկզբից ի վեր

00:44 • 04.09.20

Covid-19 համավարակի սկզբից ի վեր աշխարհում վարակված անձանց թիվը գերազանցել է 25.8 միլիոնը: Այս մասին հաղորդել են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից:

Ըստ ԱՀԿ-ի պաշտոնական տվյալների՝ ընդհանուր առմամբ, 25 884 895 մարդու մոտ հաստատվել է նոր տեսակի կորոնավիրուս: 

Նշվում է, որ աշխարհում վարակից մահերի ընդհանուր թիվը 859 130 է:

Հիշեցնենք, որ Հայաստանում սեպտեմբերի 3-ին հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 196, մահվան՝ 5 նոր դեպք․վարակվածների ընդհանուր թիվը 44 271 է, մահվան դեպքերինը՝ 1158:

Մեկ օրում առողջացածների թիվը 224 է, ընդհանուր առողջացածներինը՝ 38 855, փաստացի բուժվողներինը՝ 4258 (մեկ օրում նվազել է 33-ով): 

Նշենք նաև, որ կայքի տվյալների համաձայն՝ Հայաստանը 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով ներկա պահին գտնվում է 15-րդ հորիզոնականում: Մեզ նախորդում են ԱՄՆ-ն, Բրազիլիան, Պերուն, Չիլին, Բահրեյնը, Կատարը, Ֆրանսիական Գվինեան, Սան Մարինոն, Վատիկանը, Քուվեյթը, Օմանը, Պանաման, Արուբան, Մալդիվները: