Մանե Թանդիլյանի պատգամավորական մանդատը ստացած Ստեփան Ստեփանյանը երդվեց ԱԺ-ում (տեսանյութ)

11:17 • 04.09.20

Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հիշեցրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի՝ մանդատի վայր դնելու մասին:

«Նախ շնորհակալություն հայտնենք համագործակցության համար և լավագույն մաղթանքները հղենք նրան»,-ասաց նա:

Արարատ Միրզոյանը հայտնեց, որ մանդատը տրամադրվում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության թիվ չորս տարածքային ընտրական ցուցակի առավելագույն ձայներն ստացած թեկնածուին՝ Ստեփան Ստեփանյանին: Պատգամավորը ողջունեց բոլորին և երդվեց:

Հիշեցնենք, որ Մանե Թանդիլյանը մանդատը վայր է դրել առողջական խնդիրների պատճառով:

«Տևական ժամանակ է` ունեմ առողջական խնդիրներ, որոնք այս ընթացքում փորձել եմ լուծել աշխատանքիս հետ զուգահեռ։ Սակայն պարզ դարձավ, որ դրանք այլևս անհամատեղելի են պատգամավորական և ակտիվ քաղաքական գործունեության հետ։
Սույնով թույլ տվեք տեղեկացնել, որ ստիպված եմ վայր դնել պատգամավորական լիազորություններս, ինչպես նաև դադարեցնել գործունեությունս՝ որպես Լուսավոր Հայաստան կուսակցության կառավարման խորհրդի անդամ»,-ավելի վաղ նշել էր նա: