Եթե օրենսդրական փաթեթն ընդունվի, ապա Կառավարությունը մտադիր է կարանտին հայտարարել և պայքարը շարունակել համաճարակի դեմ. «կարանտին» բառը չի նշանակում արտակարգ դրություն. Ռ. Գրիգորյան (տեսանյութ)

12:23 • 04.09.20

Ես կարծում եմ, որ պետք  է ավելի շուտ այս նախաձեռնությունը լիներ և ավելի երկար ժամանակ ունենայինք քննարկելու, հինգ ամիս ժամանակ ենք ունեցել, բայց դուք հինգ րոպե ժամանակ ունեիք զեկուցելու: Այս մասին Ազգային ժողովի հերթական նիստին, իր հարցը ուղղելով արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանին, ասաց «լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ-ն քննարկում է կառավարության կողմից ներկայացված «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին օրենքներում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը, որի ընդունման արդյունքում սեպտեմբերի 11-ից հետո արտակարգ դրությունը չի երկարաձգվի:

«Սեպտեմբերի 12-ից հետո ՀՀ կառավարության կողմից հայտարարվելո՞ւ է կարանտին, որպեսզի այս բոլոր իրավակարգավորումները սկսեն գործել, եթե այո, ապա կարող է լինել դա այնպիսի ուղերձ, որն ավելի վատն է, քան արտակարգ դրությունը, և որի պատճառով ՀՀ սահմանները շարունակաբար մնան փակ ՀՀ քաղաքացիների ելքի համար»,-ասաց Էդմոն Մարուքյանը և հարցրեց, թե արդյոք մարզպետներին անսահմանափակ լիազորություններ տալով` խորհրդարանական վերահսկողության որևէ մեխանիզմ սահմանված է, թե ոչ:

Նա հարց բացատրեց, թե ինչպես են քաղաքացիներին բացատրելու, որ սրանք ավելի մեղմ սահմանափակումներ են և հարցրեց, թե արդյոք ավելի լավ իրավակարգավորումներ չպե՞տք է ունենայինք:

Փոխնախարարը պարզաբանեց, որ օրենսդրական փաթեթի նպատակն այնպիսի գործիքակազմ ապահովելն է, որը առանց արտակարգ դրության իրավական ռեժիմի հնարավորություն տա պայքարել համավարակի դեմ: «Այսինքն` եթե օրենսդրական փաթեթը ընդունվի մինչև սեպտեմբերի 11-ը, ապա կառավարությունը մտադիր է կարանտին հայտարարել և պայքարը շարունակել համաճարակի դեմ, քանի որ այն ավարտված չէ»,-ասաց նա և նշեց, որ այս օրենսդրական փաթեթը նախատեսում է այնպիսի սահմանափակ հնարավորություն, որը հնարավոր չէ շփոթել արտակարգ դրության հետ, քանի որ արտակարգ դրության գործիքակազմը շատ ավելի լայն է: Նա նշեց, որ մարզպետներին չի տրվում անսահմանափակ լիազորություններ:

««Կարանտին» բառը չի նշանակում այնպիսի ռեժիմ, որը կարող է համեմատվել արտակարգ դրության ռեժիմի հետ»,-ասաց նա: