Կարող ենք «կարանտին» բառը փոխարինել «հրաշք» բառով, ձեր կարծիքով՝ բան է փոխվելո՞ւ. Ռուբեն Ռուբինյանը՝ ԱԺ ընդդիմությանը (տեսանյութ)

12:59 • 04.09.20

Դուք մի փաստարկ եք բերում, որը ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում: Այս մասին այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը՝  արձագանքելով «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների հիմնավորումներին՝ կապված Կառավարության կողմից ներկայացված «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին օրենքներում և հակակից օրենքներում փոփոխոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքներն առաջին ընթերցմամբ ընդունելու վերաբերյալ հարցի հետ։ Նշենք, որ օրենքի ընդունման արդյունքում սեպտեմբերի 11-ից հետո արտակարգ դրությունը չի երկարաձգվի:

«Այսինքն, ձեր կարծիքով եվրոպական երկրների արտգործնախարարություններում նստած մարդիկ բացում են, լուրերն են կարդում, մեկ էլ՝ վայ, «կարանտին» բառը կա, վերջ, պետք է Հայաստանից ոչ մեկ չգա մեր մոտ: Ձեր կարծիքով այս մակարդակի՞ են որոշումները կայացվում պետական կառավարման ապարատներում տարբեր երկրներում, չէ, այդպես չի, սիրելիներս»,-ասաց Ռուբեն Ռուբինյանը:

Նա նշեց, որ եթե մի երկրից մուտքը կամ ելքը արգելում են համաճարակի ժամանակ, դրա համար մեկ ցուցիչն այն է, թե ինչպիսի հակահամաճարակային վիճակ է այդ երկրում: Նա  նշեց, որ եթե պատգամավորները հետաքրքրված են սահմանների՝ հնարավորինս արագ բացվելու հարցով, ապա պետք է հետաքրքրված լինեն նաև, որ հնարավորինս արագ վարակման ցուցանիշները նվազեն: «Ես ձեզ խնդրում եմ, մի կառուցեք ձեր փաստարկները այս մակարդակի բաների վրա: Հա, կարանք «կարանտին» բառը փոխարինենք «հրաշք» բառով, ձեր կարծիքով բան է փոխվելո՞ւ»,-ասաց նա:

Նշենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը մտահոգություններ էին հայտնել նախագծի ընդունման հարցում, ըստ նրանց՝ նախագիծը պարունակում է հակասահմանադրական դրույթներ, և կարանտին բառը մտահոգիչ է: