Նախատեսվում է 12 տոննայից ավել բեռնափոխադրում կատարող մեքենաների համար սահմանել ճանապարհային վճար՝ յուրաքանչյուր կմ-ի համար մինչև 50 դրամ. փոխնախարար (տեսանյութ)

14:11 • 04.09.20

2017 թվականի նոյեմբերին, երբ Հայաստանը համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագիր կնքեց Եվրոպական Միության հետ, դրա կետերից մեկը հենց ճանապարհային վճարների և ճանապարհային հարկերի մասին է. այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:

Նա նշեց, որ այս կանոնակարգի շրջանակներում կար որոշակի ընտրություն՝ ինչ են սահմանելու՝ ճանապարհային հա՞րկ, թե՞ ճանապարհային վճար: «Տարբեր քննարկումներից հետո որոշեցինք, որ ճանապարհային վճար սահմանենք, որ այն լինի ավելի արդար շուկայի բոլոր մասնակիցների համար: Նախկինում Ճանապարհային հարկ գործել է ՀՀ-ում այն ընկերությունների համար, որոնք բեռնափոխադրումներ են իրականցրել, բայց 2018 թվականի հունվարի 1-ից այն հանվել էր»,- ասաց նա:

Փոխնախարարը նշեց՝ Եվրոպական կանոնակարգի պահանջին համապատասխան՝ հարկերը և վճարները պետք է լինեն խտրական բնույթի և պետք է կախված չլինեն բեռնափոխադրողի ռեզիդենտ, կամ ոչ ռեզիդենտ լինելուց․ այսինքն՝ բոլորի համար շուկան պետք է հավասար լինի: «Այս նկատառումներից ելնելով՝ որոշեցինք սահմանել հավասար պայմաններով ճանապարհային վճար, որը կվճարեն թե՛ ՀՀ-ում գրանցված ռեզիդենտ կազմակերպությունները, թե՛ ոչ ռեզիդենտ միջպետական բեռնափոխադրումներում աշխատող կազմակերպությունները և անհատ ձեռներեցները»,- ասաց նա:

Սիմոնյանը նշեց, որ նախագիծը վերաբերում է 12 տոննա և ավել առավելագույն բեռ ունեցող բեռնատարների համար, որոնք առևտրային գործունեություն են իրականացնում, ինչպես նաև ֆիզիկական անձանց համար, որոնք 12 տոննայից ավելի բեռնատարողությամբ մեքենա են շահագործում, այդ պայմանները հավասար են լինելու բոլորի համար:

Նախագծով առաջարկվում է ՀՀ ընդհանուր օգտագործման պետական (միջպետական և հանրապետական նշանակության) ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկության ճանապարհային վճարի դրույքաչափը սահմանել անցած ավտոմոբիլային ճանապարհի յուրաքանչյուր կիլոմետրի համար՝ մինչև 50 ՀՀ դրամ: Ճանապարհային վճարի դրույքաչափը յուրաքանչյուր տարվա համար սահմանում է ՀՀ կառավարությունը:

Նախագծի ընդունման դեպքում այն ուժի մեջ կմտնի 2021 թ. հուլիսի 1-ից:

Մանրամասները՝ տեսանյութում: