«Երախտապարտ կլինեմ, եթե խնայեք երիտասարդի կյանքը». Թրամփն Իրանին կոչ է արել մահապատժի չենթարկել 27-ամյա հայտնի ըմբիշին

12:49 • 04.09.20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիմել է Իրանի իշխանություններին՝ կոչ անելով իրանցի հայտնի ըմբիշին մահապատժի չենթարկել հակակառավարական ցույցերի մասնակցելու համար: Թրամփը իր կոչը հղել է թվիթերյան օգտահաշվի միջոցով:

«Լսել եմ, որ Իրանը ցանկանում է մահապատժի ենթարկել ըմբշամարտի մեծագույն հայտնի աստղ, 27-ամյա Նավիդ Աֆկարիին, որի միակ գործողությունը փողոցներում հակակառավարական ցույցերն են եղել: Նրանք բողոքել են երկրում տնտեսական վիճակի վատթարացման և սղաճի դեմ: Ես շատ երախտապարտ կլինեմ Իրանին, եթե դուք խնայեք այդ երիտասարդի կյանքը և նրան մահապատժի չենթարկեք»,-գրել է Թրամփը:

27-ամյա Նավիդ Աֆկարին ձերբակալվել և մահապատժի է դատապարտվել 2018 թվականի հակակառավարական ցույցերին մասնակցելու մեղադրանքով:

Iran International-ը տեղեկացրել է, որ ըմբիշից բացի մեղադրանք է առաջադրվել նաև նրա եղբորը: Ձայնագրություն է տարածվել, որտեղ երկու եղբայրները հերքել են մեղադրանքները: Նավիդը տեղեկացրել է, որ ինքը բանտում ժամերով կախված է եղել (ոտքերից) տանջանքի սենյակի առաստաղից: