Գերմանիայի նախագահն առաջարկել է պաշտոնական սուգ հայտարարել՝ կորոնավիրուսից մահացածների հիշատակին

23:27 • 05.09.20

Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերն առաջարկել է պաշտոնական սգո արարողություն կազմակերպել կորոնավիրուսից մահացած մարդկանց հիշատակին:

Ինչպես փոխանցում է DW.com-ը, նման հայտարարություն վերջինս արել է գերմանական Redaktionsnetzwerk Deutschland խմբի պարբերականներին տված հարցազրույցում, որը հրապարակվել է սեպտեմբերի 5-ին: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է աջակցել մարդկանց սգո օրերին և ցավակցություն հայտնել հարազատներին:

«Մենք 9300 զոհ ունենք: Այդ թիվը փոքր է, քան այլ երկրներում, սակայն այդ ցուցանիշը կես տարվա ընթացքում 3 անգամ գերազանցում է ՃՏՊ-ից մահացության ամենամյա տվյալը»,- ասել է Շտայնմայերը: Վերջինս ընդգծել է, որ մահը «Քովիդ-19»-ից միայնակ վախճան է, քանի որ հիվանդները մահանում են առանց հարազատների աջակցության և հրաժեշտ տալու հնարավորության:

Գերմանիայի նախագահը հայտնել է, որ այդ հարցը կքննարկի բունդեսթագի, դաշնային կառավարության և դաշնային սահմանադրական դատարանի հետ, որպեսզի որոշվի ոգեկոչման արարողության անցկացման ժամն ու ձևաչափը: