Քանյե Ուեսթը Կենտուկի և Միսիսիպի նահանգներում ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել

14:19 • 05.09.20

Ամերիկացի ռեփեր, դիզայներ Քանյե Ուեսթը Կենտուկի և Միսիսիպի նահանգներում նախագահական ընտրություններին որպես անկախ թեկնածու մասնակցելու համար հայտ է ներկայացրել, գրում է The Hill-ը։

Կենտուկիի նահանգապետի գրասենյակի ղեկավար Մայքլ Ադամսն իր Twitter-ում տեղադրել է Ուեսթի հայտի լուսանկարը և գրել, որ իրենց աշխատակիցները «մանրակրկիտ ստուգում են ներկայացված փաստաթղթերը, այդ թվում՝ 19 հազար ստորագրությամբ հանրագիրը, որպեսզի պարզեն՝ արդյոք Ուեսթն իրավունք ունի հայտնվել քվեաթերթիկներում»։

Միսիսիպիի նահանգապետի գրասենյակը նույնպես հայտնել է ընտրություններին մասնակցելու համար Ուեսթից փաստաթղթեր ստանալու մասին: Ի պաշտպանություն առաջադրման՝ ռեփերը նաև 1219 ստորագրություն է ներկայացրել։ Սպասում է, որ Միսիսիպիում Ուեսթի հայտի վերաբերյալ որոշումը կկայացվի սեպտեմբերի 8-ին:

Քանյե Ուեսթի անունն առաջիկա նախագահական ընտրություններում կհայտնվի երկրի ութ նահանգների քվեաթերթիկներում․ 43-ամյա ռեփերը կմասնակցի Այդահո, Մինեսոտա, Թենեսի, Այովա, Արքանզաս, Կոլորադո, Օկլահոմա և Վերմոնտ նահանգներում քվեարկությանը:

Ուեսթը նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին հայտարարել էր հուլիսին։ Հուլիսի վերջին նա Հարավային Կարոլինա նահանգում անցկացրել է իր աջակիցների հետ նախընտրական առաջին հանրահավաքը, որի ժամանակ բազմաթիվ սկանդալային հայտարարություններ էր արել։

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների նախագահի ընտրությունները տեղի կունենան այս տարվա նոյեմբերի 3-ին։