Լուկաշենկոն նշել է Բելառուսի իշխանություններին մտահոգող գլխավոր խնդիրը

16:43 • 05.09.20

Եթե Բելառուսի տնտեսության հետ կապված խնդիրները չլուծվեն, ապա երկրում ոչ մի գաղափարախոսության կամ անվտանգության վրա այլևս չարժե հույս դնել։ Այս մասին հայտարարել է Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Նրա ելույթի տեսանյութը հրապարակել է «Пул Первого» թելեգրամյան ալիքը:

«Ես միշտ ասել եմ և ուզում եմ ևս մեկ անգամ հիշեցնել, որ մեր գերխնդիրը և անհանգստությունը տնտեսությունն է։ Եթե կա տնտեսություն, ուրեմն կլինի նաև մնացածը, եթե չկա տնտեսություն, ապա պետք չէ երկրում ո՛չ գաղափարախոսություն, ո՛չ անվտանգություն և ո՛չ էլ հանգստություն ակնկալել»,- ասել է Լուկաշենկոն շաբաթ Մինսկում կայացած խորհրդակցության ժամանակ:

Նախագահի խոսքով՝ «վերջին շրջանում շատ բան է արվել՝ տնտեսությանը զարկ տալու համար»։

Հիշեցնենք, որ բողոքի ցույցերը Բելառուսում չեն դադարում օգոստոսի 10-ից ի վեր: Երկրի քաղաքացիներն իրենց դժգոհությունն են հայտնում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն հաղթող է ճանաչվել գործող նախագահը՝ ստանալով ձայների 80 տոկոսը: