«Այսօր բելառուս ժողովուրդը ՄԱԿ-ի օգնության կարիքն ունի»․ Տիխանովսկայան ՄԱԿ-ին կոչ է արել շտապ միջազգային դիտորդների խումբ ուղարկել Բելառուս՝ երկրում տեղի ունեցող իրադարձություններն արձանագրելու համար

00:01 • 05.09.20

Միջազգային հանրությունը պետք է միջոցներ ձեռնարկի այն անձանց նկատմամբ, որոնք պատասխանատու են Բելառուսում նախագահական ընտրությունների ընթացքում խախտումների համար։ Այս մասին այսօր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ պաշտոնական նիստում հայտարարել է նախագահի նախկին ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան, գրում է ria.ru-ն։

«Ես կոչ եմ անում միջազգային հանրությանը բռնության դադարեցման համար գործի դնել ամբողջ մեխանիզմը, այդ թվում՝ պատժամիջոցներ սահմանել այն անձանց նկատմամբ, որոնք ընտրախախտումներ և մարդկության դեմ հանցագործություններ են կատարել»,-հայտարարել է նա։

Տիխանովսկայայի խոսքով՝ ներկայիս նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «այլևս Բելառուսի ներկայացուցիչը չէ»։

«Բելառուս ժողովուրդը օրինապաշտ, խաղաղասեր և պատասխանատու մարդիկ են, որոնք ունեն արժանապատվության բարձր զգացում»,- նշել է նա և հավելելով, որ բելառուսները պատրաստ են երկխոսության «բոլոր այն երկրների հետ, որոնք հարգում են Բելառուսի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»։

Բացի այդ, նախագահի նախկին թեկնածուն հայտարարել է, որ ՄԱԿ-ը որքան հնարավոր է շուտ պետք է Բելառուս ուղարկի միջազգային դիտորդների խումբ՝ երկրում տեղի ունեցող իրադարձություններն արձանագրելու համար:

«Այժմ մենք՝ բելառուս ժողովուրդը, ՄԱԿ-ի օգնության կարիքն ունի, որպեսզի կանգնեցնենք մարդու իրավունքների աղաղակող խախտումն ու Եվրոպայի կենտրոնում մարդկային արժանապատվության իրավունքի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը»,- հավելել է նա:

Հիշեցնենք, որ բողոքի ցույցերը Բելառուսում չեն դադարում օգոստոսի 10-ից ի վեր: Երկրի քաղաքացիներն իրենց դժգոհությունն են հայտնում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն հաղթող է ճանաչվել գործող նախագահը՝ ստանալով ձայների 80 տոկոսը: