50 աշակերտի համակարգիչներ տրամադրվեցին. ամփոփվեց «Մի դրամի ուժը» նախաձեռնության առաջին փուլը (տեսանյութ)

20:04 • 05.09.20

Ամեն ինչ սկսվեց մի դրամից․ IDBank-ն ու Idram-ը ամփոփեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության առաջին փուլը։

Կրթական տարվա մեկնարկին, Տավուշի և Լոռու սահմանամերձ և լեռնային գոտիների աշակերտների համար կրթության անխափան շարունակականությունը իրականություն դարձավ «Մի դրամի ուժը» նախաձեռնության շնորհիվ: IDBank-ն ու Idram-ը 50 աշակերտի նվիրեցին համակարգիչներ: Ի դեպ, IDBank-ը հավելյալ գումար է հատկացրել ԿԳՄՍ նախարարության չափորոշիչներին համապատասխան համակարգիչներ ձեռք բերելու համար։

 Idram ընկերության մարկետինգի բաժնի ղեկավար Գոռ Ամիրյանի խոսքով՝ ընկերությունում հատկապես ուրախ են, որ համակարգիչներ ստացան այն երեխաները, որոնք ամենաշատը դրա կարիքն ունեն:

«Փաստացի մենք սրանով կարողանում ենք ապահովել այդ երեխաների կրթության շարունակականությունը։ Սա երկու ընկերությունների նախաձեռնությամբ, բայց հազարավոր հաճախորդների բարի կամքով ձեռք բերված արդյունք է, ինչի համար հատուկ շնորհակալություն մեր հաճախորդներին»,- ասել է Գոռ Ամիրյանը։

Համակարգիչները տրամադրվելու են այն երեխաներին, որոնք կրթական տարին հեռավար են սկսելու: ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության փորձագետի խոսքով՝ սա մեծ ներդրում է ապագայի մեջ:

«Այն աշակերտները, որոնք հիմա կստանան կրթությունը շարունակելու հնարավորություն, հետագայում, գուցե, հենց ֆինանսաբանկային ոլորտի որակյալ մասնագետներ կդառնան»,-ասել է Արտաշես Թորոսյանը։

Ինչպես և հայտարարել էին, հունիսի 5-ից օգոստոսի 23-ն ընկած ժամանակահատվածում Իդրամ հավելվածի, կայքի, IDBanking.am առցանց հարթակի, Բանկի և Իդրամի տերմինալների միջոցով կատարված ցանկացած վճարման դիմաց ընկերություններն իրենց միջոցներից 1 դրամ փոխանցել են նախաձեռնությանը։ Հավաքված 5 մլն 34 հազար 750 դրամով Տավուշի և Լոռու սահմանամերձ և լեռնային գոտիների աշակերտների համար ընկերությունները գնել են համակարգիչներ՝ հեռավար կրթությունը շարունակելու համար։ IDBank-ի ու Idram-ի ներկայացուցիչները համակարգիչների մի մասը հանձնեցին ԿԳՄՍ նախարարությանը՝ Տավուշի սահմանամերձ գյուղերի աշակերտներին տրամադրելու նպատակով, մյուս մասը տարան Լուռու մարզ՝ անձնապես հանձնելու:

Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի  վարչության պետ Ռաֆայել Հարությունյանը հատկապես կարևոր է համարել, որ համակարգիչները տրամադրվելու են այն երեխաներին, որոնք տարին հեռավար են սկսելու։

 «Այս պահին մենք կարիքների գնահատում ենք իրականացրել՝ պարզելով՝  լեռնային գյուղերից 37 երեխա դպրոց չի հաճախելու, սակայն հեռավար դասերին մասնակցելու համար չունի համապատասխան սարքեր։ Այժմ արդեն դպրոցների միջոցով սարքերը կտրամադրվեն շահառու աշակերտներին և դրանով կապահովվի նրանց կրթության անընդհատությունը», - ասել է Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի  վարչության պետը։

IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանն էլ  նշեց, որ «Մի դրամի ուժը» նախաձեռնությունը շարունակվում է։

 «Առաջին ծրագիրն արդեն իրականություն է, և մենք հնարավորություն ունեցանք համոզվելու, որ գուցե սիմվոլիկ թվացող 1 դրամներն իսկապես կարող են խնդիր լուծել։ Մեր հաջորդ ծրագիրը նույնքան ոգևորիչ է, որովհետև բնապահպանական ուղղվածություն ունի․ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս տարի հրդեհ էր տեղի ունեցել Ծիծեռնակաբերդի հարակից այգում և մեծ վնաս էր հասցրել շրջակա միջավայրին, օգոստոսի 24-ից սեպտեմբերի 30-ն ընկած ժամակահատվածում հավաքված մի դրամների գումարը կուղղվի հենց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի շրջակայքում ծառատունկ իրականացնելուն»,-ասել է Տաթևիկ Վարդևանյանը։

Ընկերությունները կոչ են անում շարունակել վճարումները կատարել Իդրամ հավելվածով, IDBanking.am հարթակով, Idram.am կայքով, IDBank-ի և Իդրամի տերմինալներով և հիշեցնում, որ ամեն ինչ սկսվում է մի դրամից։

Լրագրող՝ Լուսինե Զարայելյան