Եթե Ռուսաստանը կապ չունի Նավալնու թունավորման հետ, ապա հենց իր շահերից է բխում դա փաստերով ապացուցելը. Գերմանիայի ԱԳ նախարար

02:27 • 06.09.20

Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը հայտարարել է, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու հետ կապված միջադեպի առնչությամբ մոտակա օրերին Ռուսաստանի կողմից գործողություններ է ակնկալում, հաղորդում է РИА Новости-ն:

«Վերջնագրերը ոչ մեկին չեն օգնելու առաջ շարժվել: Բայց եթե մոտակա օրերին ռուսական կողմից պարզաբանումներ չհնչեն, մենք մեր գործընկերների հետ ստիպված կլինենք պատասխան քայլերը քննարկել»,- հայտարարել է Մաասը:

Ըստ նրա՝ Նավալնու դեմ «հարձակումը կատարվել է միջազգայնորեն արգելված քիմիական մահացու նյութով»:

Հարցին, թե որքանո՞վ են բավարար հիմնավորումներն առ այն, որ Նավալնու թունավորման ետևում Մոսկվան է կանգնած, գերմանացի պաշտոնյան պատասխանել է. «Շատ բան է դրա մասին վկայում, և այդ իսկ պատճառով ռուսական կողմն այժմ մարտահրավերի առաջ է կանգնած»:

«Եթե Ռուսաստանը կապ չունի այս հարձակման հետ, ապա հենց իր շահերից է բխում դա փաստերով ապացուցելը»,- հայտարարել է Մաասը:

Հիշեցնենք, որ Նավալնիի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր օգոստոսի 20-ին Տոմսկից Մոսկվա թռչելիս: Նրան տեղափոխող ինքնաթիռն արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկ քաղաքում, ուր նրան հոսպիտալացրել են շտապ օգնության թիվ մեկ հիվանդանոց: Հիվանդանոցի մասնագետները Նավալնիի օրգանիզմում թույնի հետքեր չէին հայտնաբերել: Ըստ նրանց՝ հետազոտությունները միայն ալկոհոլի և կոֆեինի հետքեր են ցույց տվել: Հայտնի է, որ չվերթից առաջ Նավալնին թեյ է ըմպել օդանավակայանի սրճարանում:  

Օգոստոսի 22-ին Նավալնիին ինքնաթիռով տեղափոխել են Բեռլինի Charite հիվանդանոց, որի մասնագետներն ավելի ուշ հայտարարել էին վերջինիս թունավորման մասին, իսկ Գերմանիայի զինված ուժերի մասնագետները մաշկի, արյան և մեզի նմուշների մեջ «Նովիչոկ» խմբին պատկանող թունավոր նյութի հետքեր էին հայտնաբերել: