Ոչ ոք չի եկել ու չի քանդում գեներալ գնդապետ Վլադիմիր Գասպարյանի ամառանոցը, հին և վաղուց չօգտագործվող շինությունը քանդվում է նրա ցուցումով ՝ լողափի տարածքը բարեկարգելու համար. Տիգրան Աթանեսյան

19:19 • 06.09.20

Ոչ ոք չի եկել ու չի քանդում գեներալ գնդապետ Վ.Գասպարյանի ամառանոցը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վլադիմիր Գասպարյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ ի պատասխան շրջանառվող այն տեղեկությունների, թե Գասպարյանի՝ Սևանի ափին գտնվող ամառանոցը ապամոնտաժվում է:

«Ավելին՝ դժվար թե մեկը գար ու քանդեր:

Հին և վաղուց չօգտագործվող շինությունը քանդվում է Վ.Գասպարյանի ցուցումով ՝ լողափի տարածքը բարեկարգելու համար:

Երկրի խնդիրը Վ.Գասպարյանի ամառանոցը չէ, այլ տնտեսության ավիրումը, հասարակական-քաղաքական կյանքի ոչնչացումը, Արցախյան բանակցությունների տապալումը, պետական միջոցների բացահայտ մսխումը և համազգային աղետ դարձած խարդախությունը:

Հ.Գ. Թող Սևանի մասին արդի խոսողներից մեկը փորձի համեմատել իր և Վ.Գասպարյանի արածները Սևանի համար ու ամոթից լռի»,- գրել է Աթանեսյանը: