Մեծ Բրիտանիայում Նավալնիի հետ կապված իրավիճակի պատճառով ԱԳՆ են կանչել ՌԴ դեսպանին
Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակի պատճառով Մեծ Բրիտանիայում ԱԳՆ է կանչվել ՌԴ դեսպան Անդրեյ Կելինը: Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է թագավորության ԱԳ նախարար Դոմինիկ Ռաաբը:
«Այսօր Մեծ Բրիտանիան կանչել է Միացյալ Թագավորությունում ՌԴ դեսպանին, որպեսզի իր խոր մտահոգությունը հայտնի Ալեքսեյ Նավալնիի թունավորման առնչությամբ: Բացարձակապես անթույլատրելի է, որ արգելված քիմիական զենք է կիրառվել, իսկ Ռուսաստանը պետք է լիամասշտաբ և թափանցիկ հետաքննություն իրականացնի»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Բրիտանական ԱԳՆ-ի ղեկավարն ընդգծել է, որ «թեթևացմամբ» է տեղեկացել Նավալնիի՝ կոմայից դուրս գալու մասին:
Ավելի բաղ բեռլինյան Charite հիվանդանոցի բժիշկները հայտնել են, որ աստիճանաբար դուրս են բերել գործչին կոմայից և անջատել են թոքերի արհեստական օդափոխման սարքը: Բժիշկները նշել են, որ նա արձագանքում է շրջապատի արտահայտություններին:










