Բունդեսվերը պատասխանել է Ալեքսեյ Նավալնիի թունավորման մասին հարցմանը

23:56 • 07.09.20

Գերմանիայի Զինված ուժերի (Բունդեսվեր) դեղագործական և թունաբանության ինստիտուտից պատասխանել են Ալեքսեյ Նավալնիի թունավորման մասին հավելյալ տեղեկություն տրամադրելու մասին RT-ի հարցմանը:

Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ նշելով, որ հենց այդ ինստիտուտ լաբորատորիայի մասնագետներն են Նավալնիի օրգանիզմում հայտնաբերել «Նովիչոկ» խմբի թունավոր նյութը:

Հեռուստաալիքի դիմումին ի պատասխան` ինստիտուտից հայտնել են, որ լաբորիատորիային հաջողվել է «անհերքելի» ապացույց ներկայացնել ընդդիմադիր գործչի փորձաքննության նմուշներում թունավոր նյութի առկայության մասին:

«Այնուամենայնիվ, ելնելով գաղտնիության նկատառումներից՝ մենք չենք կարող որևէ հավելյալ տեղեկություն տրամադրել կիրառված մեթոդների կամ որև է այլ մանրամասների վերաբերյալ»,- ասվում է պատասխանում:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել Նավալնիի՝ կոմայից դուրս գալու մասին: Բժիշկները հայտնել են, որ նա արձագանքում է խոսակցություններին: Բլոգերին բեռլինյան հիվանդանոց էին տեղափոխել օգոստոսի 22-ին, որտեղ իրականացված հետազոտությունների արդյունքում գերմանացի մասնագետերը հայտնել էին նրա թունավորման մասին: