Ո՞նց կարելի է՝ լինել լրատվամիջոց, տարածել զրպարտություն, ու հետո մենք մտածենք դրա փակվելու կամ չփակվելու մասին․ լավ կլինի, որ նման լրատվամիջոցը փակվի․ «Իմ քայլի» պատգմավոր (տեսանյութ)

17:25 • 07.09.20

Բոլորը ֆիքսում են, որ կա խնդիրը, ուղղակի սա լուծում չի տալու, իրականում լուծում տալու է։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանը:

Նշենք, որ նախագիծը հեղինակել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Նաախագծով առաջարկվում է վիրավորանքի և զրպարտության համար նախատեսված տուգանքի չափերը մեծացնել՝ հասցնելով համապատասխանաբար մինչև 5 և 10 մլն դրամի, սակայն այդ ամենը թողնել դատարանի որոշմանը:

«Ես զարմանում եմ, որ ասում են, որ լրատվամիջոցի համար դա նյութական ծախս է դառնալու ու հետո կարող է այդ լրատվամիջոցը փակվի, բայց ո՞նց կարելի է՝ լինել լրատվամիջոց, տարածել զրպարտություն կամ վիրավորանք, ու հետո մենք մտածենք այդ լրատվամիջոցի փակվելու կամ չփակվելու մասին, նման լրատվամիջոցը լավ կլինի, որ փակվի: Առաջարկում եմ կողմ քվեարկել նախագծին»,- ասաց նա:

Պատգամավորը հավելեց՝ եթե օրենքն ընդունվի, հետադարձ ուժ չի ունենալու։

Նախագիծը հանձնաժողովում ստացավ դրական եզրակացություն, սակայն հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ այն կներկայացվի ոչ թե այս լիագումար նիստում, այլ հաջորդ նիստերից մեկի ժամանակ։