Լեհաստանն ու Գերմանիան «կեղծ» են որակել Նավալնիի թունավորման գործով Բելառուսի հրապարակած ձայնագրությունը
Լեհաստանի արտգործնախարարությունը հերքել է Վարշավայից և Բեռլինից բաժանորդների խոսակցության մասին լուրը, որում իբր քննարկվել է ռուս ընդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի թունավորման մասին կեղծիքը: Այս մասին Լեհաստանի ԱԳՆ-ն տեղեկացրել է ՏԱՍՍ գործակալությանը:
«Մենք հերքում ենք բելառուսական կողմի պնդումը Վարշավա-Բեռլին գծում ենթադրյալ հեռախոսազրույցի մասին, որում իբր երկու երկրների իշխանությունները խոստովանել են, որ Ալեքսեյ Նավալնին թունավորված չէ», - ասված է հաղորդագրությունում:
«Մենք ընդունում ենք կանցլեր Անգելա Մերկելի և Գերմանիայի կառավարության հայտարարությունն այն մասին, որ Ալեքսեյ Նավալնին թունավորվել է այսպես կոչված «Նովիչոկ» խմբի թույնով»,-նշել են Լեհաստանի ԱԳՆ-ում:
«Գերմանիայի կառավարության պես մենք նույնպես դատապարտում ենք այս խայտառակ արարքը: Մենք կարծում ենք, որ Ալեքսեյ Նավալնիի սպանության փորձի մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն »,-եզրափակել է գերատեսչությունը:
Իր հերթին Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆֆեն Զայբերտը սեպտեմբերի 7-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Վարշավայի և Բեռլինի միջև Բելառուսի կողմից հրապարակված հեռախոսազրույցը «մտացածին» է:
«Մենք արդեն մեկնաբանել ենք Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի պնդումները, դա ճիշտ չէ: Դա մտացածին խոսակցություն է»,-հայտարարել է Զայբերտը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին թունավորելու մասին հայտարարությունը կեղծիք է:
«Հետևելով Ռուսաստանի իրադարձություններին՝ ես նկատել եմ, որ նրանց` Արևմուտքի մոտ նոր հաղթաթուղթ է հայտնվել: Նորից «Նովիչոկ», նորից թունավորում: Այսպես, ես ձեզ պետք է ասեմ, որ երեկ կամ երեկ չէ առաջին օրը, հստակ չեմ հիշում, Մերկելի ելույթից առաջ (նա հայտարարել է, որ ուզում էին փակել Նավալնիի բերանը), մենք խոսակցություն ենք որսացել: Ինչպես հասկանում ենք, Վարշավան խոսում է Բեռլինի հետ: Երկու բաժանորդ են կապի մեջ: Որսացել է մեր ռազմական ռադիոհետախուզությունը: Քանի որ այնտեղ զորամասեր կան, մենք, իհարկե, ռադիո ոլորտում հակամարտում ենք ՆԱՏՕ-ականների հետ: Եվ մենք որսացել ենք հետաքրքիր զրույց, որը (ես կտամ ձեզ, որ կարդաք, մենք կպատրաստենք և կուղարկենք Անվտանգության դաշնային խորհուրդ) վկայում է, որ դա կեղծիք է: Նավալնիի ոչ մի թունավորում էլ չի եղել»,-հայտարարել է Լուկաշենկոն:










