Թուրքական բանակը հրետանային հարվածներ է հասցրել Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական բնակավայրերին. ТАСС
Թուրքական բանակը հրետանային կրակով հարվածել է Սիրիայի հյուսիսում տեղակայված քրդական բնակավայրերին, ТАСС-ի փոխանցմամբ՝ հաղորդում է քրդական Firat լրատվական գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ հրետանային կրակի թիրախում են հայտնվել Միրանազ, Շևարգա և Էլ-Մալիկիա բնակավայրերը: Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Ավելի վաղ նշված շրջաններում բախումներ էին տեղի ունեցել «Ազգային ինքնապաշտպանության ուժերի» քրդական ստորաբաժանումնեի և Թուրքիայի կողմից ձևավորված և ֆինանսավորվող զինված ընդդիմության ուժերի միջև: Քրդական ուժերը ընդդիմադիրների վրա մի քանի հարձակումներ են գործել, որոնց հետևանքով վերջիններից շարքում զոհեր ու վիրավորներ են եղել:
2017 թ-ին Թուրքիան «Եփրատի վահան» ռազմական գործողության արդյունքում Սիրիայի հյուսիսում՝ Ջերաբլուս-Էլ Բաբ-Աազազ սահմանային քաղաքների եռանկյունում, անվտանգության գոտի էին ստեղծել: 2018 թ-ին «Ձիթենյաց ճյուղ» գործողության միջոցով թուրքական ուժերը վերահսկողության տակ առան Աֆրին քաղաքը, որը Հալեպից 65 կմ հեռավորության վրա է գտնվում:
2019 թ-ի հոկտեմբերին թուրքական բանակը ներխուժեց Աֆրին՝ Սիրիայի՝ Թուրքիային սահմանակցող շրջանները քրդերից մաքրելու և անվտանգության նոր գոտի ձևավորելու հիմնավորմամբ: Հոկտեմբերի վերջին Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ թուրքական ուժերը վերահսկողություն սահմանեցին Սիրիայի սահմանային Ռաս էլ Այն և Թել Աբյադ քրդաբնակ քաղաքներում ու դրանց միջև եղած տարածքներում՝ 32կմ խորությամբ։










