Աշխարհում «Կարաս»-ի և հայկական գինիներին պայծառ ապագա է սպասվում․ Խուլիանա Դել Ագիլա-Էռնեկյան
Tert.am–ը զրուցել է «Կարաս Վայնս» ընկերության նախագահ և սեփականատեր Խուլիանա Դել Ագիլա-Էռնեկյանի հետ։ Հարցազրույցը կարդացեք ստորև։
– «Կարաս» գինիների համար բերքահավաքին նվիրված առաջին միջոցառումը տեղի է ունեցել 10 տարի առաջ: Ո՞րն էր Ձեր բիզնեսի բացման հիմնական գաղափարախոսությունն ու նպատակը:
– Տեսլականը միշտ էլ եղել է սոցիալական պատասխանատվությամբ և հեռանկարային մտածողությամբ ծրագրի ստեղծումը: «Կարաս»-ի հիմնադիր, իմ հորեղբայր Էդուարդո Էռնեկյանը ցանկանում էր ստեղծել մի ծրագիր, որը, իր հերթին, կստեղծեր որակյալ աշխատուժ, դրական ազդեցություն կունենար տնտեսության վրա և կվերականգներ այս ոլորտը, որի մասին ժամանակի ընթացքում մոռացել էին:
Լինելով գինու սիրահար և իմանալով գինեգործության հայկական ավանդույթները՝ «Կարաս»-ի գաղափարը սկսեց իրականություն դառնալ: Բոլոր ջանքերը, որոնք մենք ընտանիքով ներդնում ենք, պետք է դրական ազդեցություն ունենան այն վայրում, որտեղ մենք ապրում ենք: Դա մեր ընտանիքի և ընկերության կարևորագույն արժեքներից է: Հիշելով այդ մասին՝ մենք աշխատում ենք ոչ միայն աշխարհին Հայաստանը ներկայացնող հիասքանչ գինիներ ստեղծելու, այլ նաև հայկական խաղողագործության մշակույթի վերածնմանն ակտիվ մասնակից լինելու ուղղությամբ:
Մենք շատ հպարտ ենք այս 10 տարվա ընթացքում մեր ունեցած ձեռքբերումներով և նայում ենք դեպի լուսավոր ապագա:
– Ինչո՞ւ հենց «Կարաս» և ինչո՞վ է բացատրվում «Կարաս» գինիների տեսլականն իրականացնելու համար հենց Հայաստանի ընտրությունը:
– Երբ մենք սկսել էինք երազել «Կարաս»-ի մասին, Հայաստանում դեռևս չէին խոսում գինիների մասին: Դա Էդուարդոյի տեսլականն էր` վերականգնել արժեքավոր մի բան, ինչպիսին է խաղողագործությունը և ներդրումներ անել այդ ոլորտում, որպեսզի ստեղծվի այն, ինչն այսօր մենք ճանաչում ենք որպես «Կարաս»: Նրա նպատակն ու տեսլականն էր այդքան հարուստ, ավելի քան 6200 տարվա պատմություն ունեցող ավանդույթի վերականգնումը, ինչպես նաև դրա տարածումն ամբողջ աշխարհում, որպեսզի այն մարդկանց պատմի Հայաստանի և նրա գինու մասին: Հենց այդ պատճառով է, որ մենք գտնվում ենք Հայաստանում, նրա պատմությունը, գինու արտադրության համար հիանալի պայմանները և, իհարկե, մեր հայ ոգին, որը մեզ տուն վերադարձրեց:
Մենք հպարտությամբ կարող ենք ասել, որ «Կարաս»-ի հետ մի ամբողջ արդյունաբերություն է ստեղծվել: Ի սկզբանե մենք կենտրոնանում էինք փորձագետներին Հայաստան բերելու վրա: Նրանք մեզ օգնեցին հասկանալ մեր խաղողի այգիների համար կիրառվող լավագույն փորձը, ինչպես նաև դասեր քաղել տեղական խաղողագործներից, որոնք դեռ աշխատում են մեզ հետ: Մենք նախընտրեցինք գնել հայկական պիտակներ, շշեր, տակառներ, կարասներ, ինչն էլ տնտեսության համար հաջողության «դոմինոյի էֆեկտ» ապահովեց:
– «Կարաս Վայնս» ընկերությունը գտնվում է Արմավիրի մարզում: Իսկ որտեղի՞ց են ձեր գինեգործները:
– «Կարաս»-ում մենք հավատում ենք թիմային աշխատանքին, մեր գլխավոր գինեգործի անունը Գաբրիել Ռոջել է, նա տաղանդավոր արգենտինացի երիտասարդ է, որը 2014 թվականից ապրում է Հայաստանում: Նա ծնունդով Մենդոսայից է, Արգենտինայի ճանաչված գինեգործական շրջանից: Նրա հետ աշխատում է նաև Զառա Քեջեջյանը, երիտասարդ պայծառ հայուհի, որը սովորել է Երևանի գինու ակադեմիայում, նաև արտերկրում: Եվ Միշել Ռոլանը (աշխարհի ամենահարգված գինեգործներից մեկը)՝ որպես մեր խորհրդատու և իմ ուսուցիչ:
– Ի՞նչ նշանակություն ունի Ձեզ համար հայկական գինին:
– Հայկական գինին կապ է իմ արմատների, այն հողի հետ, որը ժամանակին մշակել են իմ նախնիները, և ես այսօր նույնն անելու հնարավորություն ունեմ: Դա այն ճանապարհն է, որով մենք «տարածում ենք» Հայաստանը մեր ընտանիքում և աշխարհում, քանի որ ամեն անգամ «Կարաս»-ի շիշը բացելիս մենք հնարավորություն ենք ունենում կիսելու մեր, Հայաստանի, մեր ընտանիքի և բոլոր նրանց պատմությունը, որոնք մեզ հետ աշխատում են այս գինիների ստեղծման համար:

– Ի՞նչ կարգախոս/գաղափարախոսություն եք ընտրել Ձեզ համար որպես ուղենիշ վերջին 10 տարվա ընթացքում:
– «6200 տարի գինու ստեղծում», ահա թե ինչպես ենք մենք նշում մեր շշերի և այն հիմքի վրա, որի վրա ստեղծել ենք «Կարաս»-ը: Խոսքը վերաբերում է անցյալի ավանդույթները վերականգնելուն, ժամանակին կորցրածը նորոգելուն և այն ամբողջ աշխարհին ցույց տալուն: Գինին պատմություն է, մշակույթ, և դա մեր պատմությունն է և մեր հայկական մշակույթը:
«Կարաս»-ի միջոցով մենք այն կիսելու հնարավորություն ունենք: Մենք սա անում ենք՝ գիտակցելով, թե ինչպես ենք մեր աշխատանքով ազդեցություն ունենում, այդ իսկ պատճառով նախընտրում ենք աջակցել տեղի արտադրությանը՝ գնելով, վերամշակելով այնքան շատ, որքան կարող ենք, վերականգնելով հին կարասները և թարմացնելով դրանք, որպեսզի օգտագործենք, ինչպես հին ժամանակներում, և լինենք հնարավորինս կայուն: Մենք մեր մթերքն աճեցնում ենք մեր աշխատողների համար նախատեսված հողամասերում, իսկ հաջորդ տարի կունենանք լիովին օրգանական և արտոնագրված խաղողի այգիներ:
– Այժմ մի քանի խոսք Հայաստանի ամենազարմանահրաշ օդապարիկի մասին: Կարո՞ղ եք կարճ պատմել դրա պատմությունը: Ի՞նչ է այն խորհրդանշում և ի՞նչ զարգացումներ սպասել ապագայում:
– Օդապարիկը կատարված երազանք է: Մենք մի քանի տարի առաջ ենք սկսել միասին աշխատել և այս համագործակցությունն օրգանիկ կերպով է առաջացել: Մենք ցանկանում ենք ցույց տալ Հայաստանի գեղեցկությունը բոլոր կողմերից, նրա սարերից, գետերից և, իհարկե, գինիներից: Թռիչքն ու Հայաստանը վերևից տեսնելը կախարդական փորձ է, դա գինու արտադրման վայրի հետ ավելի լավ կապվելու, Հայաստանն ավելի լավ ճանաչելու միջոց է:
– Եկեք խոսենք «Կարաս Վայնս»-ի ծրագրերի մասին: Դուք ունեք «Երկու լեռների պատմություն» ծրագիր, որն ուղղված է երիտասարդությանը: Անվանումը շատ հետաքրքիր է: Ի՞նչ զարգացումներ սպասել: Ի՞նչն է ընկել «Երկու լեռների պատմության» հիմքում: Ի՞նչ գինիներ են դրանում ներառված: Մի փոքր ավելի մանրամասն կպատմե՞ք դրա և երիտասարդությանը հիմնական թիրախ ընտրելու պատճառների մասին:
– «Երկու լեռների պատմություն»-ը պատմություն է, որը պետք է գրի այն մարդը, ով խմել է այդ գինին: Խոսքն Արարատ լեռան (և նրա երկու գագաթների) մասին է, որն ականատես է եղել այդքան գեղեցկությունների, սիրո, տխրության, երջանկության և այն ամենի, ինչ կատարվել է այս վառ երկրում, որը Հայաստանն է: Այն մեր կյանքի հավատարիմ վկան ու աշխարհի բոլոր հայերի միասնության խորհրդանիշն է: Ես հուսով եմ, որ այս գինին մեզ բոլորիս կապում է իրար` կյանքը տոնելու համար: Սա մեր ավանդական խորհրդանիշի մասին խոսելու ոչ ավանդական ձև է, անունն անգլերեն օգտագործելով՝ այն միջազգային դարձնել, ստեղծել նոր կամուրջ Հայաստանի և աշխարհի միջև, իսկ պիտակն էլ` թարմ, ժամանակակից, մուլտիպլիկացիոն: Դա Արարատ լեռը ինտրիգային կերպով պատկերելու միջոց է:
Գինիներն իրենց կազմով շատ բարդ չեն, բայց շատ համեղ են (սպիտակ և կարմիր), ինչպես հայկական, այնպես էլ միջազգային տեսակներից: Կարմիրն «Արենու» և «Մալբեք»-ի խառնուրդն է: Սպիտակը «Կանգուն» Chenin Blanc-ը՝ վարդագույն և քաղցր մուսկատից: Այս 4 գինիները հիանալի գնով հիանալի գինիների օրինակներ են, ոչ միայն երիտասարդ սպառողների, այլ նաև այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են ամենօրյա օգտագործման գինի ընտրել կամ սկսել գինի խմել:
Հուսով ենք, որ գինին այնքան գրավիչ է, որքան մեզ համար, և մարդիկ վայելում են այն:
– Ի՞նչ կասեք մոտ ապագայում «Կարաս Վայնս»-ի զարգացման ծրագրերի վերաբերյալ: Ի՞նչ ուղղություններ եք ընտրել: Ի՞նչ նորություններ են սպասվում սպառողին:
– Մենք «Կարաս»-ի հետ կապված շատ ծրագրեր ունենք, և աշխատանքները շարունակվում են:
Սկսենք նրանից, որ մենք այժմ մեր 10-րդ բերքահավաքի փուլում ենք: Սա հիանալի տարի է, հիանալի եղանակային պայմաններ են և հիանալի թիմ է աշխատում այս ուղղությամբ:
Մենք պարզել ենք, որ 10 տարիների ընթացքում մեր խաղողի դաշտերի հետ մենք էլ ենք շատ աճել: Մենք կենտրոնացած ենք մեր փորձարարական գինեգործության և խաղողի այգիների վրա` հիմնականում զարգացնելով և խորացնելով հայկական տեսակների՝ հատկապես «Արենի»-ի և «Սիրենի»-ի մասին գիտելիքները, հատկապես «Արենի» և «Սիրենի» տեսակների: Մենք ունենք նոր գինիներ, որոնք դուրս կգան այս տարվա վերջին, և շատ բան կա կիսելու հետազոտման և զարգացման տեսանկյունից:
Աշխարհում «Կարաս»-ի և հայկական գինիներին պայծառ ապագա է սպասվում։











