Վեներա մոլորակի ուսումնասիրությունն արդեն պետք է առաջնահերթություն լինի. ՆԱՍԱ-ի ղեկավար

13:19 • 15.09.20

ԱՄՆ օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության` ՆԱՍԱ-ի ղեկավար Ջեյմս Բրայդենսթայնը կոչ է արել առաջնային ուշադրության տակ առնել Վեներա մոլորակի հետազոտական աշխատանքները:  

«Կյանք Վեներայի վրա՞: Ֆոսֆինի հայտնաբերումը բավականին նշանակալից զարգացում է Երկիր մոլորակի սահմաններից դուրս կյանքի առկայությունն ապացուցող փաստերի հայտնաբերման գործում»,- թվիթերյան էջում գրել է Բրայդենսթայնը և հավելել, որ Վեներայի ուսումնասիրությունն արդեն պետք է առաջնահերթություն լինի: 

Հայտնի է, որ Վեներա մոլորակի մթնոլորտում ֆոսֆին հայտնաբերել են Քարդիֆի համալսարանի (Մեծ Բրիտանիա) և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (ԱՄՆ) գիտնականները: 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, բացահայտումն արվել է Հավայիներում տեղակայված աստղադիտակի և Չիլիի Ատակամա անապատում գտնվող մեծ ալեհավաքի օգնությամբ: Գիտնականների խոսքով՝ ֆոսֆինի մասնիկների կենտրոնացումը կազմում է 20-ը միլիարդի հարաբերակցությամբ:

Ֆոսֆինն անգույն և շատ թունավոր գազ է: Երկրի վրա այն արտադրում են անաերոբները, այսինքն՝ գոյության համար թթվածին չպահանջող միկրոօրգանիզմները: 2019 թվականին էկզոմոլորակների մթնոլորտներում ֆոսֆինի որոնումներ սկսել են իրականացվել հնարավոր կյանքի հետքեր գտնելու համար:

 

Վեներա մոլորակի ուսումնասիրությունն արդեն պետք է առաջնահերթություն լինի. ՆԱՍԱ-ի ղեկավար