4 տեսախցիկ, անծայրածիր էկրան, 120 Գհ հաճախականություն. Samsung-ը ներկայացրել է Galaxy S20 առաջատար սմարթֆոնի բյուջետային տարբերակը (լուսանկարներ, տեսանյութ)

23:30 • 23.09.20

Հարավկորեական Samsung Electronics ընկերությունը չորեքշաբթի կայացած առցանց շնորհանդեսի ժամանակ ներկայացրել է իր առաջատար սմարթֆոնի՝ Galaxy S20 մոդելի բյուջետային տարբերակը:

Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, միջոցառման ժամանակ ցուցադրվել է փետրվարին թողարկված սմարթֆոնի առավել մատչելի տարբերակը, որն ստացել է Fan Edition (FE) անվանումը: Սմարթֆոնը համալրվել է 32 մեգապիքսել կետայնությամբ դիմացի տեսախցիկով՝ նախատեսված սելֆիի համար, ինչպես նաև հետևի կողմում գտնվող երեք տեսախցիկներով, որոնցից երկուսն ունեն 12 մեգապիքսել կետայնություն, մեկը՝ 8:

Գաջեթը ներկայանում է Infinity-O անծայրածիր էկրանով, որի անկյունագիծը կազմում է 6.5 դյույմ, իսկ թարմացման հաճախականությունը՝ 120 Գհ: Սմարթֆոնը ներկայանում է 6 Գբ օպերատիվ հիշողությամբ և 128 Գբ ներկառուցված հիշողությամբ:  

Ակնկալվում է, որ Galaxy S20 FE-ն վաճառքում կհայտնվի հոկտեմբերի 2-ին: Սմարթֆոնի արժեքը կկազմի 699 դոլար՝ 300 դոլարով մատչելի, քան ստանդարտ տարբերակը: Նորույթը հասանելի կլինի 6 գույնով՝ կարմիր, նարնջագույն, բաց մանուշակագույն, կանաչ, մուգ կապույտ և սպիտակ:

Ընկերությունից հույս են հայտնել, որ նորույթը կօգնի զգալիորեն մեծացնել սմարթֆոնների վաճառքի ծավալները տարվա երկրորդ կիսամյակում:

4 տեսախցիկ, անծայրածիր էկրան, 120 Գհ հաճախականություն. Samsung-ը ներկայացրել է Galaxy S20 առաջատար սմարթֆոնի բյուջետային տարբերակը (լուսանկարներ, տեսանյութ)