Ադրբեջանում շարունակում են սահմանափակել ինտերնետ կապի հասանելիությունը՝ խախտելով մարդկանց՝ հավաստի տեղեկություն ստանալու իրավունքը․ Access Now
Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կառավարությունը Լեռնային Ղարաբաղում Հայաստանի և Ադրբեջանի միջև ինտենսիվ մարտական գործողությունների մեկնարկին զուգընթաց հայտարարեց, որ երկրի ամբողջ տարածքում կսահմանափակի ինտերնետ կապի հասանելիությունը, գրում է Access Now ոչ առևտրային կազմակերպությունը, որն աշխարհում պաշտպանում է մարդկանց թվային իրավունքները՝ հավելելով, որ դեռևս պաշտոնական հայտարարությունից մեկ օր առաջ Ադրբեջանում համացանցի օգտատերերը սկսել են հայտնել տվյալների փոխանցման արագության նվազեցման մասին։
«Դեռևս պաշտոնական հայտարարությունից մեկ օր առաջ Ադրբեջանում համացանցի օգտատերերը սկսել են հայտնել տվյալների փոխանցման արագության նվազեցման մասին, ինչը դժվարացնում է բովանդակության հասանելիությունը և փոխանակումը, որը չափազանց կարևոր է մարդու իրավունքների և հումանիտար խնդիրների խախտումների փաստագրման համար, ինչպես նաև դժվարացնում է վեբկայքերի թարմացումը և ըստ այդմ՝ վերջին նորությունների հրապարակումը»,- ասված է կազմակերպության հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է, որ ադրբեջանցիները սոցիալական ցանցեր մուտք գործելու հետ կապված նույնպես խնդիրներ ունեն․ OONI Explorer ինտերնետային գրաքննության տվյալների բաց ռեսուրսի տվյալները ցույց են տալիս Facebook-ի, WhatsApp-ի, Telegram-ի, Twitter-ի և Skype-ի ծառայությունների հասանելիության նվազում:
Կազմակերպությունը նաև մեջբերել է Bloomberg-ի վերջին զեկույցը, որի համաձայն՝ ամերիկյան Sandvine ընկերությունը գրաքննության տեխնոլոգիաներ է մատակարարել Ադրբեջանի կառավարությանը: Դեռևս պարզ չէ, թե արդյոք ներկայիս անջատումներն Ադրբեջանում իրականացվել են Sandvine տեխնոլոգիայի օգտագործմամբ:
«Ինտերնետի անջատումը սահմանափակում է կենսական տեղեկատվության հասանելիությունը, թույլ չի տալիս մարդկանց շփվել մտերիմների հետ, սահմանափակում է արտակարգ ծառայությունների արդյունավետությունը և ճնշում մարդու իրավունքների խախտումների մասին հաղորդագրությունները»,- ասված է հայտարարության մեջ։
«Նախագահ Իլհամ Ալևի գլխավորությամբ Ադրբեջանի կառավարությունը տեղեկատվության ազատ հոսքը ճնշելու և քննադատական ձայները ճնշելու երկար պատմություն ունի: Միայն անցյալ ամիս ոստիկանությունը ձերբակալել էր տասնյակ ցուցարարների, որոնք բողոքում էին բարձրաստիճան ընդդիմադիր առաջնորդին բանտ նստեցնելու դեմ։ 2018 թվականի ընտրությունների նախաշեմին անկախ ԶԼՄ-ներն ու քաղաքացիական հասարակության խմբերը բախվել են առցանց հարձակումների, որոնք փորձում են լռեցնել նրանց այլախոհությունը, և Ադրբեջանում աճում է քաղաքական բարձր զգայունության պահերին ինտերնետ կապի անջատման և դանդաղեցման դեպքերի թիվը»,- ասված է կազմակերպության հայտարարությունում։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 16-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 21 ինքնաթիռ, 181 անօդաչու թռչող սարք, 552 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 5959 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 633 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 33 քաղաքացիական անձ, վիրավորվել է 106 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։ Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։










