Բարձր ձայնով հայրենասիրական երաժշտություն լսելով կամ քաղաքում պտտվելով չենք օգնում մեր զինվորներին. բոլորս պարտավոր ենք իրենց կողքին լինել. զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հայր (տեսանյութ)
Սիրելի հայրենակիցներ, աշխարհասփյուռ հայեր, իմ կոչն այն է, որ բոլորս պետք է կանգնենք մեր երկրի, մեր բանակի կողքին և պետք է ամեն կերպ օգնենք, որ մեր երեխաները ոչ թե դառնան նահատակված հերոսներ, այլ կենդանի հերոսներ: Այս մասին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած ասուլիսին հայտարարեց ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը:
«Բոլորը, ովքեր կարող են ինչ-որ աջակցությամբ օգնել մեր բանակին, երկրին, հիմնադրամին, պետք է այդ ամենը կատարեն: Բարձր ձայնով հայրենասիրական երաժշտություն լսելով կամ քաղաքում պտտվելով մենք չենք օգնում կամ ոգևորում մեր զինվորներին: Բոլորս պարտավոր ենք իրենց կողքին լինել»,-ասաց նա:










