Եթե հնչելու են կոչեր, մենք դա արդեն լսել են, մենք սպասում ենք կոնկրետ գործողությունների․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան դիմաց ակցիա իրականացնողներ (տեսանյութ)

14:33 • 19.10.20

ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատան դիմաց ակցիա իրականացնող քաղաքացիները հանդիպեցին դեսպանատան ներկայացուցչին՝ փոխանցեցին Արցախում պատերազմը դադարեցնելու, Արցախի անկախությունը ճանաչելու իրենց պահանջները։

«Դեսպանատան ներկայացուցիչը նշեց, որ իրենք անմիջական կապի մեջ են Արցախի ՄԻՊ-ի, ինպես նաև Արտգործանախարարության հետ և պարբերաբար այս տեղեկատվությունը ուղարկվում է Վաշինգտոն։ Խոստացավ մեր ներկայացրած պահանջների վերաբերյալ համառոտ զեկույց կազմել և վաղը ուղարկել Վաշինգտոն։ Եթե հնչելու են կոչեր, մենք, դա արդեն լսել են, մենք սպասում ենք կոնկրետ գործողությունների»,- նշեց ակցիայի մասնակից Արսեն Վարդանյանը։

Նրա խոսքով՝ դեսպանատան ներկայացուցիչն ընդունել է, որ պատերազմին միացել են նաև ահաբեկիչները։

«Եվս մեկ անգամ պետական մակարդակով հաստատվեց այս փաստը։ Դեսպանատան ներկայացուցիչն իր խորը վշտակցությունը հայտնեց, ասաց, որ որպես մարդ իր համար էլ այս ամենը սարսափելի է։ Նա անգամ չկարողացավ դիտել տեսանյութը, թե ինչպես են հայ գերիին մորթում։ Քաջ գիտակցում են՝ հայերի նկատմամբ ինչ է կատարվում և շարունակում են լռել»,- ասաց նա։

Հանդիպմանը ակցիայի մասնակիցների կողմից նաև Թուրքիային զենքի վաճառքը դադարեցնելու պահանջ է ներկայացվել։

«Պահանջեցին նաև, որպեսզի ԱՄՆ-ն դադարեցնի Թուրքիան զենքի վաճառքի, քանի որ Ադրբեջանին էլ զինում է Թուրքիան։ Մենք ասացինք, որ հարցի կարևորագույն լուծում հավաքվածներս տեսնում ենք ԱՄՆ-ի կողմից բացառապես Արցախի անկախության ճանաչումը, այլ ելք այստեղ չի կարող լինել»,- հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը։


Մանրամասները՝ տեսանյութում։