Մարտերի ուժգնությունն այս պահին որոշակիորեն թուլացել է․ Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ)

21:59 • 19.10.20

Այսօր վաղ առավոտյան մարտերը նորից շարունակվել են, հյուսիսային և հարավային ուղղությամբ հակառակորդը փորձել է հարձակողական գործողություններ ծավալել: Այս մասին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած ասուլիսին հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ ԱրծրունՀովհաննիսյանը:

«Հյուսիսային ուղղությամբ հետ է շպրտվել 1-2 գրոհներից հետո, հարավային ուղղությամբ տևական ժամանակ ծանր մարտերը շարունակվում էին, սակայն կողմերը դիրքային փոփոխություններ, զորաշարժեր գրեթե չեն ունեցել»,-ասաց նա՝ նշելով, թե այս պահի դրությամբ մարտերի ուժգնությունը որոշակիորեն թուլացել է, իսկ կորուստների մասին լրացուցիչ կտեղեկացնեն:

Հարցին՝ քանի որ հակառակորդը չի պահպանել հրադադարը և չի տարել դիակները, հնարավո՞ր է՝ էկոլոգիական աղետից խուսափելու համար հուղարկավորություն կատարվի, Հովհաննիսյանն արձագանքեց, թե դիակները շատ դեպքերում դիրքերի առջևում են կամ միջդիրքային տարածություններում, և դրա համար լիարժեք անվտանգ միջավայր է պետք, այդ թվում՝ միջազգային դիտորդների առկայություն:

Նա նաև նշեց, թե իրեն օգնության առաջարկներով շատ են դիմում, և հորդորեց միջոցները փոխանցել Հայաստան համահայկական հիմնադրամին, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: «Պատերազմը չի ավարտվել, դաժան ու սաստիկ պատերազմ է, մեր բոլորի միասնությունը, ներդրումը չափազանց կարևոր է: Բոլորս պետք է մտածենք՝ ինչ ենք արել հաղթանակի համար»,-ասաց նա՝ ընդգծելով, որ հաղթելու ենք: