ՀՀ-ի կողմից Արցախի ճանաչումը չպետք է կապել Ադրբեջանի գործողությունների հետ, դա մեր կենսական խնդիրն է և պետք է սպասարկի Արցախի միջազգային ճանաչմանը. Տիգրան Թորոսյան (տեսանյութ)

15:50 • 19.10.20

Մենք տասնամյակներ շարունակ պետք է աշխատեինք Արցախի միջազգային և լիարժեք ճանաչման ուղղությամբ. առաջին հրադադարի հաստատումից հետո անցել է 26 տարի, վաղ թե ուշ՝ այս անգամ էլ է մեր հերոսական բանակի ջանքերի գնով հրադադար հաստատվելու, դա է ամենաամուր երաշխիքը, բայց պետք է աշխատել նաև միջազգային հանրության, ազդեցիկ պետությունների հետ: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել ՀՀ ԱԺ նախկին նախագահ, քաղաքագիտության դոկտոր Տիգրան Թորոսյանը:

«Այս պատերազմը տարբերվում է նախկիններից, Թուրքիան ուղղակիորեն մասնակցում է ռազմական գործողություններին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունները ևս հայտարարում են դա: Տեղի են ունենում մարդասիրական իրավունքի կոպիտ ոտնահարումներ, պատերազմական հանցագործություններ: Այս ամենը պետք է վերածվի փաստական բազայի, փաստաթղթերի, կազմվեն զեկույցներ, այդ ամենը հիմնավորապես ներկայացվի միջազգային կազմակերպություններին»,- ասել է ԱԺ նախկին նախագահը:

Ըստ Թորոսյանի՝ Ռուսաստանի միջնորդությամբ հայտարարված հրադադարից հետո պարզվեց, որ որևէ մեխանիզմ չի ներդրվել՝ պարզելու, թե ով է խախտում այդ ռեժիմը, և դա տարօրինակ է, քանի որ մենք պետք է դնեինք այդ պահանջները. «Ոչ մեկը մեր փոխարեն մեր գործը չի անելու: Ընդունվում են որոշ հայտարարություններ, բայց պահանջվում է ծանր և հերոսական աշխատանք՝ Արցախի միջազգային ճանաչման հասնելու համար: Սա ևս ռազմաճակատ է, և ինչպես առաջին գծում անպատկերացնելի հերոսություններ են արվում, այստեղ ևս պետք է հերոսաբար աշխատել: Կարևոր է, թե ինչ պահանջ ենք ներկայացնում այն կազմակերպություններին, որոնց անդամակցում ենք»:

ԱԺ նախկին նախագահի կարծիքով՝ մեր հանրությանը թվում է, որ եթե մենք արդար ենք և հերոսական պայքար ենք մղում, բոլորը պետք է մեզ աջակցեն. «Որքան էլ ասենք, որ սա քաղաքակրթական պատերազմ է, դա ուրիշների վրա ոչ մի ազդեցություն չի թողնում, պետք է ամենօրյա տաժանակիր, քրտնաջան աշխատանք: Անհրաժեշտ է հավաքել բոլոր մասնագետներին՝ անկախ քաղաքական կողմնորոշումից, ամբողջ համահայկական ռեսուրսը մոբիլիզացնել հստակ քայլերի և նպատակների շուրջ»:

Տիգրան Թորոսյանի պնդմամբ՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը, որն իրավական գնահատական է տալիս միջազգային կոնֆլիկտներին և կարծիք է հայտնել նաև Կոսովոյի վերաբերյալ, միջազգային իրավունքի նորմերը համեմատում է կողմերի փաստարկների հետ, հետևաբար՝ պետք է ճիշտ ներկայացնել մեր հակամարտության բնույթը. «Դուք կարող եք ճիշտ լինել, բայց եթե լավ չներկայացնեք ձեր փաստարկները, կպարտվեք: Կատարվող աշխատանքից է միայն կախված, թե ինչպիսին կլինի արդյունքը: Բոլորի համար անլուծելի թվացող իրավիճակներում ստացվել են անսպասելի արդյունքներ: Մեկ հաջողությամբ՝ Թուրքիայի հանդեպ ՄԻԵԴ-ի միջանկյալ միջոցով, ոչինչ չի ստացվի»:

ԱԺ նախկին նախագահի պնդմամբ՝ Արցախի անկախության ճանաչումը չպետք է կապել Ադրբեջանի գործողությունների հետ, դա մեր կենսական խնդիրն է: «Հայաստանի կողմից Արցախի ճանաչումը պետք է ծառայի միջազգային ճանաչմանը, և երբ կտեսնենք, որ լուրջ աշխատանքի արդյունքում պահն է ճանաչելու, կգնանք այդ քայլին, անկախ նրանից՝ պատերա՞զմ է, թե՞ ոչ: Բանակցությունների արդյունքում որևէ հակամարտություն չի լուծվում, խաղաղությունը պետք է պարտադրվի միջազգային ճնշմամբ և մեր գործողություններով»,- ամփոփել է ՀՀ ԱԺ նախկին նախագահը:

Դավիթ Սարգսյան