Եթե ՀՀ-ում գտնվող միջազգային կառույցները սահմանափակվում են միայն մտահոգություններ հայտնելով, թող գնան, այլ երկրում մտահոգվեն. հստակ քայլեր են պետք. ակցիա՝ ԵՄ դեսպանատան առջև՝ Արցախի ճանաչման պահանջով

13:08 • 20.10.20

Մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա իրականացրին ՀՀ-ում ԵՄ դեսպանատան առջև՝ պահանջելով ճանաչել Արցախի անկախությունը: Ընթերցելով ԵՄ-ին ուղղված ուղերձը՝ ակցիայի մասնակիցներից մեկը հայտարարեց, որ Արցախի անկախության միջազգային ճանաչումը հրատապ պահանջ է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կանգնած ենք հումանիտար աղետի առջև:

«Դատապարտում ենք այն երկրների չեզոքությունը, որոնք փաստարկ են ներկայացնում, որ Արցախը ճանաչված չէ, և դրա արդյունքում մենք ունենք բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, այդ թվում՝ երեխաներ, կանայք, և հիմա դրված է իր պատմական հողերում գտնվող հայ բնակչության էթնիկ բնաջնջման վտանգը»,-ասաց նա:

Ակցիայի մեկ այլ մասնակից ընդգծեց՝ միջազգային կառույցները թող այլևս չհորդորեն ու մտահոգություն չհայտնեն Արցախում ստեղծված իրավիճակի համար, քանի որ հստակ գործողություններ են պետք:

«Մենք այսօր կանգնած ենք ոչ թե մտահոգություններ լսելու, այլ որոշակի գործառույթներ իրականացնող մարմիններին պահանջ ներկայացնելու, թե ինչ է կատարվում, և ինչ են նրանք պարտավոր անել: Եթե ՀՀ-ում գտնվող միջազգային կառույցները սահմանափակվում են միայն երկու կողմերին ուղղված կոչերով կամ մտահոգություններ հայտնելով, թող գնան, այլ երկրում մտահոգվեն: Այլևս չենք հանդուրժում նման վարքագիծը և պահանջում ենք պարզ գործողությունների շարք, որ բխում է այդ կառույցների պարտականություններից: Վերջացրեք ձեր կոչերը, անցեք հաջորդ փուլին, կատարեք վերլուծություններ, կոչեք իրերն իրենց անուններով և կատարեք կոնկրետ գործողություններ»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Ակցիայի մասնակիցներից երեքին ԵՄ պատվիրակությունից ներս հրավիրեցին՝ ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հետ հանդիպելու համար:  

Ցուցարարները տեղեկացրին, որ բողոքի ակցիաները շարունակական բնույթ են կրելու, և այժմ էլ ակցիաներ են տեղի ունենում մի քանի դեսպանատների առջև, որ հնարավոր լինի համատեղ ջանքերով հասնել Արցախի ճանաչմանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Հոկտեմբերի 19-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 23 ինքնաթիռ, 200 անօդաչու թռչող սարք, 576 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ: Հակառակորդն ունի ավելի քան 6309 զոհ։

Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 729 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 36 քաղաքացիական անձ, վիրավորվել է 115 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։ Արդեն երկու անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։