Հյուսիսից ու հարավից գրոհելով՝ թշնամին կարող է մեր զգոնությունը թուլացնել և ինչ-որ պահի հանկարծակի հարվածել կենտրոնական ուղղությամբ. Արթուր Եղիազարյան (տեսանյութ)
Սա հայ-ադրբեջանական պատերազմ չէ, Ադրբեջանն այսօր միջոց է թուրքական քաղաքականության ձեռքին՝ Էրդողանի սանձարձակ պանթուրքական ծրագրերում. հենց այդ պատճառով հատկապես հարավային ուղղությամբ՝ Արաքսի հովտում, Թուրքիան, Ադրբեջանը և Միջին Ասիան մի գույնով են պատկերվում: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանը:
«Թշնամու բլիցկրիգը ձախողվեց, բայց նրանք շարունակում են հավակնել Հայաստանի հարավին՝ Սյունիքին և Վայոց ձորին, որը վերցնելով՝ կկարողանան անմիջական կապ ստեղծել Ադրբեջանի և Նախիջևանի, ասել է թե՝ Թուրքիայի հետ: Հաշվի չառնելով Իրանի և Ռուսաստանի շահերի հետ հնարավոր բախումը՝ թշնամին ձգտում է մերձարաքսյան հատվածով Հայաստանի հարավն էլ անջատել և կապվել Նախիջևանին»,- ասել է ռազմական փորձագետը:
Ըստ Եղիազարյանի՝ Արցախի կենտրոնական շրջանը պաշտպանված է, թշնամին չի կարող այն ճեղքել, թեև չի բացառվում, որ հյուսիսից ու հարավից գրոհելով՝ կարող է մեր զգոնությունը թուլացնել և ինչ-որ պահի հանկարծակի հարվածել կենտրոնական ուղղությամբ. «Թշնամին հյուսիսից էլ փորձում է գրոհել, դուրս գալ դեպի Քարվաճառ, Սոթք, Մարտունի, ապա Վարդենյաց լեռնանցքով իջնել դեպի Վայոց Ձոր և Սյունիք: Հյուսիսում նրանք որևէ հաջողություն չգրանցեցին, նրանց նպատակադրումը ձախողվեց: Ադրբեջանի խորքերում առկա խմելու և ոռոգման ջրի խնդիրը ևս փորձում են լուծել Արցախի ջրերի ակունքներին տիրանալով, նրանց աչքը Մատաղիսի և Սարսանգի ջրամբարների վրա է»:
Ռազմական փորձագետի կարծիքով՝ ԱԹՍ-ների դեմ պայքարը լրջագույն խնդիր է, դա նոր զինատեսակ է, և դրա դեմ կատարյալ պաշտպանիչ միջոցներ չկան. «Այսօր օդային պայքարի ամենաարդյունավետ ձևը, բացի ՀՕՊ-ից, սեփական ԱԹՍ-ներ ունենալն է, մենք լուրջ միջոցներ պիտի դնենք մեր ռազմարդյունաբերության համալիրում: Այս պատերազմում մեզ ծանոթ ստանդարտ մարտավարությունը չի աշխատում, զրահատեխնիկայի արդյունավետությունը նվազել է, այն օդից խոցվում է, և տանկեր ձեռք բերելու փոխարեն պետք է ԱԹՍ-ներ ձեռք բերել»:
Արթուր Եղիազարյանի պնդմամբ՝ սա դիրքային կռիվ չէ, այլ լայնածավալ պատերազմ, հետևաբար՝ պետք չէ մեր ժամանակավոր նահանջները դիտել հաղթել-պարտվելու ուղեծրում, այդ նահանջները կորուստներից խուսափելու համար են արվում. «Քանի պատերազմը չի ավարտվել, մենք պետք է հուզական կողմը սահմանափակենք, օբյեկտիվորեն նայենք՝ կորցրած ինչ ունենք և ինչ խնդիր ենք լուծում: Հնարավոր չէ ասել՝ որքան կտևի այս պատերազմը: Կարևոր է ոչ միայն բանակների, այլ հանրությունների, թիկունքների բախումը: Թշնամու խոր թիկունքին հասցվող հարվածները ոչ թե խաղաղ բնակչությանը, այլ ռազմական կետերին են ուղղված, իսկ եթե խաղաղ բնակիչներ են զոհվում, մեղավորն Ադրբեջանն է, քանի որ ռազմական օբյեկտները բնակավայրերում է տեղակայում»:
Ռազմական փորձագետի պնդմամբ՝ Ադրբեջանում արդեն խուճապ կա մեր կետային հրթիռային հարվածներից, Գանձակում մարդ չի մնացել, մայրուղիները գերբեռնված են: «Մենք պետք է հարվածենք թշնամուն, որտեղ հնարավոր է, Բաքու-Ջեյհան նավթամուղը թիրախի տակ պետք է լինի: Միջազգային հանրությունը հրաշալի տիրապետում է տեղեկատվությանը, և մենք պետք է հասկանանք, որ միշտ էլ այս երեսպաշտությունն է եղել: Նավթատարներն ավելի կարևոր չեն, քան մեր կյանքերը, այդ փողով նրանք զենք են ձեռք բերում և սպանում մեր խաղաղ բնակիչներին»,- ամփոփել է ռազմական փորձագետը:
Դավիթ Սարգսյան










