Թուրքական Oruç Reis սեյսմահետախուզական նավը մոտենում է հունական Կաստելորիզո կղզուն․ Kathimerini

17:26 • 20.10.20

Թուրքական Oruç Reis սեյսմահետախուզական նավը մոտենում է հունական Կաստելորիզո կղզուն․ երեքշաբթի առավոտյան այն կղզուց գտնվել է 10 ծովային մղոն հեռավորության վրա, հաղորդում է հունական Kathimerini թերթը։

Նավն ավելի վաղ նկատվել է Կաստելորիզոյից 33 կիլոմետր հեռավորության վրա:

Հիշեցնենք, որ օրերս Թուրքիան հայտնել է, որ իր Oruç Reis նավը սեյսմիկ հետազոտություններ է սկսել Արևելյան միջերկրածովյան շրջանում, որը համարվում է Հունաստանի բացառիկ տնտեսական գոտին:

Դեպքերի նման զարգացման ֆոնին Հունաստանի կառավարությունը Գերմանիային, Իտալիային և Իսպանիային կոչ է արել դադարեցնել ռազմական տեխնիկայի արտահանումը Թուրքիա։

Ուշադրություն հրավիրելով «Թուրքիայի վերջին սադրիչ գործողություններին»՝ իր գործընկերներին ուղղված նամակներում մեջ Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը վկայակոչել է Եվրոպական խորհրդի որոշումը, որը ԵՄ անդամ պետություններից պահանջում է դադարեցնել ռազմական տեխնիկայի արտահանումը երկրներ, որոնք այն օգտագործում են ագրեսիվ գործողությունների կամ տարածաշրջանի ապակայունացման համար, ինչը, ըստ Դենդիասի, տեղի է ունեցել Թուրքիայի դեպքում։