Մեկ դիրքի ուղղությամբ 700-800 գրոհային եկավ, հետ շպրտվեցին՝ ձորակի մեջ թողնելով 200-ից 300 դի. Արծրուն Հովհաննիսյան
Հակառակորդի բռունցքներն այն աստիճան են մաշվել, որ բոլոր ճիգերը գործադրում է՝ մեկ ուղղությամբ առաջ գնալու համար։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ այս պահին հյուսիսային ուղղությամբ իրավիճակն ավելի հաջող է. «Հյուսիսային ուղղությամբ մոտ մեկ շաբաթ առաջ 3 օր անդադար մոտավորապես մի քանի հարյուր միավոր հրետանային միջոցներից ժամուկես հրետանային պատրաստություն արեցին, որպեսզի ճեղքում իրականացնեն 2-3 դիրքի ուղղությամբ։ Մեկ դիրքի ուղղությամբ 700-ից 800 գրոհային եկավ եւ չկարողացան ճեղքել, հետ շպրտվեցին՝ ձորակի մեջ թողնելով 200-ից 300 դի։ Տեսնելով, որ հաջողության չեն հասնում, ենթադրում եմ, որ որոշեցին հարավ իջնել»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 20-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 23 ինքնաթիռ, 200 անօդաչու թռչող սարք, 576 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 6309 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 772 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 36 քաղաքացիական անձ, վիրավորվել է 115 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Արդեն երկու անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։










