Չկա Հայաստանում որևէ բանակցային պրոցես, որևէ հարթակ, որտեղ այդ հարցը կարելի է քննարկել, ստանալ դրա վերաբերյալ միջնորդների դիրքորոշումը․ քաղաքագետը՝ «Անջատում՝ հանուն փրկության» թեզի մասին
Այս պահին դիվանագիտական լուծում որպես այդպիսին չկա, կան դիվանագիտական մեխանիզմներ, որոնք կարող են նպաստել ադրբեջանաթուրքական ագրեսիան կանխելու գործին, բայց, անկեղծ ասած, դրանց արդյունավետությունն էլ օր օրի նվազում է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք պատերազմի դադարեցման համար դիվանագիտական լուծման ճանապարհ մնացել է:
«Ես տեսնում եմ՝ երկրի ղեկավարն ու ԱԳ նախարարն այս օրերին փորձում են հիմնական շեշտադրումը դնել երկու հարցի վրա. առաջինը՝ թուրք-ադրբեջանական դաշինքը ահաբեկչական խմբավորումներ է oգտագործում Արցախի դեմ պատերազմում, և երկրորդ՝ անջատում՝ հանուն փրկության: Կարծում եմ՝ առաջինը կարող է արդյունավետ լինել, եթե դրա փաստագրական մասը շատ ավելի հիմնավոր կերպով ներկայացվի միջազգային հանրությանը և պահանջ դրվի, որ միջազգային կառույցերը գնահատական տան այդ փաստին»,- ասաց նա:
Ըստ քաղաքագետի՝ «անջատում՝ հանուն փրկության» թեզն ավելի թույլ է, քանի որ պատերազմի այս իրավիճակում չի կարող լիարժեք գործոն լինել այդ ագրեսիան կասեցնելու համար: «Հիմա պատերազմ է, իսկ այն, ինչի մասին խոսվում է, ըստ էության, քննարկման հարթակը չունի: Չկա Հայաստանում որևէ բանակցային պրոցես, որևէ հարթակ, որտեղ այդ հարցը կարելի է դնել, քննարկել, ստանալ միջնորդների ու միջազգային հանրության դիրքորոշումը այդ հարցի հետ կապված»,- պարզաբանեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Քաղաքագետը նշեց, որ միջազգային հարթակներում աշխատանքներն այն մակարդակի վրա չեն, որը կարելի էր ակնկալել: «Իմ կարծիքով՝ Թուրքիայի ներգրավվածության խնդիրը պետք է շատ ակտիվ ուղղված լինի ՆԱՏՕ անդամ երկրներին: Մենք ունենք լավ հնարավորություններ, ՆԱՏՕ-ում ունենք լուրջ դերակատարություն ունեցող գործընկեր երկրներ, որոնք կարող են օգտագործել իրենց ազդեցությունը Թուրքիայի առջև ՆԱՏՕ-ի կողմից նման պահանջ դնելու համար: Նաև ԱՊՀ կառույցներում, ըստ էության, տեսնում ենք, որ մեր դիվանագիտությունը առանձին-առանձին աշխատում է՝ երկրների հետ ղեկավարների և ԱԳ նախարարների մակարդակով, բայց միջազգային կառույցներում այդ աշխատանքը բավական ետ է մնում: Այսինքն՝ երկկողմանի հարաբերություններն այլ պետությունների հետ գերակայում են բազմակողմանի միջազգային կառույցներում տարվող աշխատանքներին»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է նրան, որ Հայաստանի վարչապետն ու Ադրեբջանի նախագահը պատրաստակամություն են հայտնել հանդիպել Մոսկվայում, քաղաքագետը նշեց, որ կողմերի միջև համաձայնություն որպես այդպիսին չկա:
«Առաջնագծում այսօր անընդհատ իրավիճակը փոխվում է, ամեն օր, եթե չասենք՝ ամեն ժամ, իսկ երեկվա պատրաստակամութունը բերել և ներկայացնել որպես փաստ, որ արդեն լինելու է հանդիպում, ճիշտ չէ»,- նշեց նա:
Մելիք-Շահնազարյանը նշեց՝ ինքը չի ասում, թե պետք չէ աշխատել այդ ուղղությամբ, ճիշտ հակառակը՝ պետք է հասնել նրան, որ Ալիևը վերջապես վերադառնա բանակցային սեղան։ «Ես հասկանում եմ, որ պատերազմի ժամանակ դրան հասնելու լավագույն միջոցը ռազմի դաշտում գրանցված հաջողություններն են, մեր դիվանագիտությունն էլ այստեղ, կարծում եմ, լուրջ դերակատարում կարող է ունենալ, և մենք պետք է վերջապես դուրս գանք ցեղասպանվելու, փրկվելու այս տրամաբանությունից և աշխարհի առջև դնենք շատ կոնկրետ և հստակ հարցեր, որոնք բխում են այդ նույն աշխարհի շահերից․ դա տարածաշրջանի ապահովությունն է, կայունությունը, ամբողջ փաթեթը պետք է դառնա քաղաքական քննարկումների թեմա»,- ընդգծեց նա:
Ինչ վերաբերում է ՀՀ ԱԳ նախարարի՝ ԱՄՆ սպասվող այցին, քաղաքագետը նշեց՝ ԱՄՆ-ն Մինսկի խմբի համանախագահ երկիր է, որը մեծ ազդեցություն ունի տարածաշրջանային քաղաքականության վրա և որի իշխանությունների համար հատկապես նախընտրական այս շրջանում կարևոր է ստաբիլությունը: «Ես կարծում եմ մեր ԱԳ նախարարն այնտեղ աշխատելու է բացառապես մեկ հարցի և օրակարգի շուրջ՝ այն է ԱՄՆ միջոցով հակառակորդի ագրեսիվ գործողությունները կանխելը: Ամեն ինչ ժամանակը ցույց կտա, ես պետք է հստակեցնեմ՝ դիվանագիտական դաշտում շատ հարցեր որոշված են եղել կամ կանխորոշված են եղել մինչև պատերազմի սկիզբը, իսկ հիմա արդեն դժվար է նախկին պայմանավորվածություններն ինչ-որ կերպ փոխելը»,- նշեց նա:










