Իսպանիայում հայերը բազմահազարանոց բողոքի երթ են իրականացրել՝ պահանջելով ճանաչել Արցախի անկախությունը (լուսանկարներ)

23:41 • 20.10.20

Այսօր զանգվածային բողոքի երթ է տեղի ունեցել Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում. իսպանահայերն իրենց բողոքն են հայտնել՝ ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիվ գործողությունների:

Ինչպես տեղեկանում ենք Իսպանիայի «Հայ դատի» հանձնախմբի ֆեյսբուքյան հաղորդագրությունից, քայլերթի մասնակիցները Սանտա Էնգրասիա փողոցից շարժվել են դեպի Իսպանիայի խորհրդարանի մոտ, որտեղ էլ տեղի է ունեցել բողոքի ցույցը:

Երթի հազարավոր մասնակիցները թափահարել են հայոց դրոշն ու թուրք-ադրբեջանական հարձակումները դատապարտող գրությամբ պաստառներ ցուցադրել, ինչպես օրինակ՝ «Թուրքիան և Ադրբեջանն ահաբեկիչներ են, Արցախը Հայաստան է»:

Նրանք կոչ են արել երկրի կառավարությունից ճանաչել Արցախի անկախությունը: Երթին մասնակցել են Մադրիդի հայ համայնքի տարբեր ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ, մամուլի ներկայացուցիչներ, ինչպես նաև հանրահայտ ջութակահար Արա Մալիկյանն ու դերասան Հովիկ Կեուչկերյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 20-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 23 ինքնաթիռ, 200 անօդաչու թռչող սարք, 576 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 6309 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 772 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 36 քաղաքացիական անձ, վիրավորվել է 115 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երկու անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։