Էրդողանը չի նահանջում Արևելյան Միջերկրականում. նա բացահայտել է եվրոպացիների թուլությունը. Duvar

09:58 • 21.10.20

Թուրքիայի և ԵՄ  անդամ Հունաստանի և Կիպրոսի միջև առաջացած լարվածության թուլացմանն ուղղված միջնորդական ջանքերը, Գերմանիայի կանցլեր և ԵՄ Խորհրդի ժամանակավոր նախագահ Անգելա Մերկելի ակտիվ մասնակցությամբ, շարունակվել են մի քանի շաբաթ: Հոկտեմբերի 1-2-ը ԵՄ առաջնորդների գագաթնաժողովում Մերկելը հակառակ Հունաստան-Կիպրոս-Ֆրանսիա եռյակին, որոնք պնդում էին պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի հանդեպ, կողմ էր երկխոսությանը և հաջողության հասավ, գրում է թուրքական Duvar թերթի հոդվածագիր Այշեգյուլ Կարակյուլհանջին:

Սակայն այն բանից հետո, երբ Թուրքիան կրկին հետազոտական նավ ուղարկեց Արևելյան Միջերկրական, լարվածությունը կրկին սրացավ: ԵՄ պետությունների և կառավարությունների ղեկավարները հոկտեբերի 16-ի գագաթնաժողովի ժամանակ քննարկել են Թուրքիայի այդ քայլը: ԵՄ անդամ երկրները հաստատել են իրենց ամբողջական աջակցությունը Հունաստանին և Կիպրոսի հանրապետությանը և ևս մեկ անգամ ընդգծել են երկխոսության համար Անկարայի կողմից «որոշիչ և կայուն քայլեր» անհապաղ ձեռնարկելու անհրաժեշտությունը, գրում է հեղինակը:

Իսկ Մերկելը, որը միջնորդ էր մի քանի շաբաթ շարունակ, նշել է, որ Թուրքիայի գործողությունները համարում է «ցավալի և անիմաստ»: Մերկելը, որը, ինչպես վստահեցվում էր, մեծ հիասթափություն է ապրում Թուրքիայի պատճառով, կրկին երկխոսության կոչ է արել:

«Մինչդեռ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը ԵՄ-ն համարում է «քրիստոնեական ակումբ», ամենայն հավանականությամբ, չի ցանկանում ետ դառնալ Արևելյան Միջերկրականում, Հյուսիսային Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում ռազմական միջոցներով տարածաշրջանային ազդեցություն ստեղծելու ճանապարհից: Եվ, հավանաբար, արդեն չի ցանկանում ենթարկվել Մերկելի և ԵՄ երկրների առաջնորդների համոզմունքներին»,-կարծում է հոդվածագիրը:

Էրդողանը հերթական անգամ Միջերկրական ծով է ուղարկել հետազոտական նավը՝ ռազմական նավերի ուղեկցությամբ: Եվ ԵՄ-ում արդեն խոսում են, որ Թուրքիան չի հետևում ոչ մի երաշխիքների, որոնք տվել է: Թեև դեռևս նախորդ շաբաթ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն իր հույն գործընկեր Նիկոս Դենդիասին վստահեցրել էր վեճի վերաբերյալ բանակցություններ սկսելու մտադրության մասին:

Հեղինակը նշում է, որ ֆինանսական սահմանափակումները կարող են վնասել Թուրքիային, որն այս պահին դժվարություններ ունի պարտային պարտավորվածությունները վճարելու հետ կապված, սակայն փորձագետները կարծում են, որ ԵՄ հնարավոր պատժամիջոցները կթիրախավորեն որոշակի ֆիզիկական և իրավաբանական անձանց, որոնք կապ ունեն Արևելյան Միջերկրականի վեճի հետ:
Հայտնի է, որ Թուրքիան, որը մտադիր է իր ռազմական ներկայության օգնությամբ դառնալ տարածաշրջանային ուժ և կենտրոնացած է «ես նույնպես կամ սեղանի շուրջ և կստանամ իմ բաժինը» գաղափարի վրա, կարող է շարունակել խորացնել իր այդ արտաքին քաղաքականությունը:

«Չէ՞ որ Էրդողանը բացահայտել է եվրոպացիների թուլությունը, նրանց տարաձայնությունները արտաքին քաղաքականությունում և «վախը» փախստականների առջև»,-եզրափակում է հոդվածագիրը: